Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀՆՉԵՑՐԵԼ Է ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ԿՐԵԴՈՆ՝ «ՊԱՏԻՎ ՉԿԱ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հնչեցրել է իրենց քաղաքական միավորի կրեդոն՝ «Պատիվ չկա»: Այս մասին, այսիր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի՝ այսօր արած հայտարարությանը, թե «Պատիվ ունեմ» խմբակցությունն ընդհանրապես չկա։
Մամիջանյանը նշեց, որ ցանկանում է հիշեցնել, թե որն է Հայաստանի ամենազդեցիկ կուսակցություններից մեկը, որին փորձում է կրկնօրինակել ՔՊ-ն՝ ստեղծելով կուսակցական դպրոցներ. «Եվ ամենակարևորը՝ ո՞ւմ հնչեցրած բովանդակային կարծիքներից իրենց թիմը պարզապես սարսռում է: Այնպես որ, որ ես ներողամտորեն կմոտենամ իրենց մեկնաբանություններին»,-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով հարցին թե որ քաղաքական ուժի պատասխանատվության ներքո է խմբակցությունը՝ Մամիջանյանն ասաց. «Պարոն Վանեցյանի՝ մանդատը դնելուց և «Հայրենիք» կուսակցության հայտարարությունից հետո «Պատվի ունեմ» խմբակցության համար պատասխանատվություն է կրում ՀՀԿ-ն»։
Նա նշեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ փուլում չի մասնակցել հակասահմանադրական գործընթացին, անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը հայտարարությանը, թե ընդդիմությունը դպրոցի դասարանի մակարդակի վրա է գտնվում, երբ հայտարարում է թե չի մասնակցում սահմանազատման աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգի քննարկմանը։
«Պարոն Կոնջորյանի որակումները ցույց են տալիս նրա մանկական, պատանեկան տրավմաները։ Կան մարդիկ, որոնք դպրոցի փուլը դեռ չեն վերաճել, գուցե մենք այս դեպքի հետ գործ ունենք»,-ասաց Մամիջանյանը՝ վստահություն հայտնելով, որ կանոնակարգը հիմք է հետագա զիջումները լեգիտիմացնելու համար՝ հղում անելով ՍԴ այս որոշմանը և ԱԺ քվեարկությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դրան մաս չի դառնալու»։
Փաշինյանը Ադրբեջանից փորձում է առնել «խաղաղություն» բառը, որ լուծի իր գալիք քարոզարշավի հարցը
Խաղաղության պայմանագրի շուրջ Նիկոլ Փաշինյանը չի բանակցում. Նա բանակցում է Ադրբեջանի հետ իր հաջորդ, հերթական կամ արտահերթ ընտրությունների քարոզարշավի սլոգանի հարցը, - ասաց Մամիջանյանը:
«Ինքը Ադրբեջանի հետ փորձում է մեր, ձեր, հողի, արժանապատվության և անվտանգության հաշվին առնել «խաղաղություն» բառը օգտագործելու իրավունքը: Ինքը մնացածի վրա թքած ունի:
Ավելի մեծ ողբերգություն է այն, որ Փաշինյանը մերժեց ամբողջ աշխարհի միջնորդական առաքելություն իրականացնելու համար որպես ԵԱՀԿ Մինսկի խումբ, որպես ԱՄՆ, որպես ԵՄ, որպես Ռուսաստան, որպես այս կամ այն եվրոպական երկրներ: Մերժեց կամ կասցրեց նրան, որ մերժվի, և հիմա պաղատում է Թուրքիային, որպեսզի Թուրքիան դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդ»,-ասաց նա:
Երբ ես աշխատանքից դուրս եմ գալիս, չեմ դառնում հատուկ դեսպանորդ ընդդիմության մեջ
Ես աշխատավարձ ստանում եմ ՀՀ բյուջեից, այլ ոչ թե մի ինչ-որ հողատուի «սև հաշվապահությունից», - ասաց Մամիջանյանը՝ անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին և նրա հայտարարությանը, որ ընդդիմությունը պետք է մանդատները դնի և դուրս գա ԱԺ-ից:
«Երբ ես աշխատանքից դուրս եմ գալիս, իրականում դուրս եմ գալիս, այլ ոչ թե դառնում եմ հատուկ դեսպանորդ ընդդիմության մեջ: Ես նման նենգ գործառույթ ինձ վրա չէի վերցնի, գնայի, Փաշինյանին ասեի՝ կլինի՞ ես գործից դուրս գամ, բայց ամեն Աստծո օր աչքերս կբացեմ, կխոսեմ ՀՀԿ-ի մասին հիմարություններ, երեկոյան աչքերս փակելուց առաջ մի հատ էլ «լայվ» կմտնեմ մի հիմարություն ՀՀԿ-ի մասին կասեմ,կանցնեմ առաջ:
Նպատակը շատ պարզ է՝ մի հոգու էլ խաբի, Մարուքյանի համար մեծ արդյունավետություն է»,-ասաց նա:
Մամիջանյանը մանդատները դնելու կոչ անողներին բաժանեց երկու մասի. «Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ հարցադրումն ունեն, մեր ընտրողները, որոնք այդ հարցադրումն ունեն, մեծ սիրով և դա մեր պարտքն է, պատրաստ եմ այս ֆորմատով, հանդիպումների ֆորմատով, առանձնազրույցների ֆորմատով հատ առ հատ բացատրել, թե ինչու մանդատները վայր դնելը որևէ հետևանքի չի բերելու:
Իսկ մարդիկ, որոնք դրա համար վարձատրվում են, կարևոր չի՝ ոչ ճամբարից, Փաշինյանի ճամբարից, իբր ընդդիմադիրներ, որոնք ժամանակին Շրեկի կատվի հայացքով 2018-ին Փաշինյանից պաշտոններ էին հայցում, որոնք ապրիլի 23-ին ափալ-թափալ վազեցին հրապարակ, որ հասցնեն մի հատ «դուխով» կեպկայով ֆոտո իրենք էլ ունենան, որոնք նամակներ էին գնում Փաշինյանին 2018-ին, որոնք ամեն կերպ փորձում էին Փաշինյանի ուշադրությունը գրավել, իրենց ես ասելիք չունեմ, որովհետև խմբակցության ղեկավարը «իքիբիրանոցների» հայտարարությունները չի մեկնաբանում»,- ընդգծեց Մամիջանյանը:
Հիշեցմանը, որ 2018-ին Փաշինյանի հետ պաշտոններ կիսեցին նաև ՀՅԴ-ականները, նրանց է՞լ է վերաբերում իր խոսքը, մամիջանյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ իհարկե, Դրա վերաբերյալ մեր գործընկերները բազմիցս տվել են բացատրություններ, որոնց հետ ես որևէ խնդիր չունեմ: ՀՅԴ-ն ազգային միավորումներից է, մեր լավ գործընկերներն են: իսկ մենք երբևէ չենք համագործակցել և չենք էլ ուզեցել համագործակցել ազգակործան պատուհասների հետ»:
Նշենք, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները պետք է դնեն մանդատները և արտահերթ ընտրությունների պահանջ ձևավորեն:
News.am-ի նյութերով