ՖՈՒՏԲՈԼԸ ՄԻՆՉԵՎ ՈՒՂՆՈՒԾՈՒԾԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎ Է
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալեց Հյուսիսային Մակեդոնիայի իր մրցակիցներին՝ պարտվելով 0:2 հաշվով: Այդ դժգույն խաղի արդյունքը, վերջին ձախողումների հետ մեկտեղ, պատճառ դարձավ, որ մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Սպասելի էր և տրամաբանական. չկարողացար՝ հեռացիր, տեղդ զիջիր մեկ ուրիշին, որը գուցե քեզանից ավելի տաղանդավոր ու հաջողակ լինի:
ՖՈՒՏԲՈԼՈՒՄ ԱՅԴ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀՍՏԱԿ։ Ձախողումների շարանից հետո մարզիչին կա՛մ հեռացնում են աշխատանքից, կա՛մ նա ինքն է, զգալով պատասխանատվությունն ու ելնելով մարզական էթիկայից, հրաժարական տալիս. ասել է թե՝ շնորհակալություն ցուցաբերած վստահության և աշխատելու հնարավորության համար, բայց դե, ի՜նչ արած, չստացվեց։ Ինչպես տեսնում ենք, այս օրենքն աշխատեց նաև մեր դեպքում, բայց միայն ֆուտբոլում։
Իսկ քաղաքական առումով ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Դե, չի՛ ուզում Փաշինյանը հրաժարական տալ։ Ինչ ուզում ես՝ արա: Օրենքն իր համար չէ գրված. ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ քրեական, ո՛չ էլ որևէ այլ։ Ամոթի, խղճի խայթի, զղջման մասին խոսելն անգամ ավելորդ է։ Պարտություն՝ պարտության հետևից, ձախողում՝ ձախողման հետևից, շուրջբոլորը՝ համատարած աղետներ. թվում է, թե այլևս անհնար է մտածել երկրի համար ավելի զազրելի ու վտանգավոր սցենար, որից հետո այդ մարդը գլուխը կախ կխոստովանի՝ կներեք, մեղավոր եմ, ձախողել եմ, հեռանում եմ…
Հավանաբար, երկրի բնակչության առանձնակի նեղմիտ ներկայացուցիչների համար, ովքեր մինչ օրս շարունակում են անամոթաբար պաշտպանել «սիրելի վարչապետին», արժե զուգահեռ անցկացնել քաղաքականության և ֆուտբոլի միջև, որից նրանք հաստատ մի քիչ գլուխ են հանում։ Այն, ինչ արել ու շարունակում է անել Նիկոլը, սպորտային տխմարության պես մի բան է։ Դա նույնն է, թե նորանշանակ մարզիչը պոպուլիստական խոստումներ տա բոլոր մրցակիցներին 10:0 հաշվով հաղթելու մասին, իսկ հետո ցրի իրենից առաջ փոքրիշատե լավ խաղացող պրոֆեսիոնալ թիմը և դրա փոխարեն հավաքի բակային «գնդակ տշողների»։
Հետո էլ, մարզվելու և տակտիկական սխեմաներ մշակելու փոխարեն, սկսի դեմագոգ լոլոներ կարդալ նրանց գլխին, թե ֆուտբոլի իմաստը ոչ թե մրցակցի դարպասին գոլ խփելն է, այլ քեզ երբեք պարտված չհամարելը, եթե անգամ 20 գնդակ ես բաց թողել։ Եվ հետո ամեն աղմկահարույց պարտությունից հետո մեղադրի ձեռքի տակ ընկած բոլորին. իբր՝ մեղավոր է կաշառված մրցավարը, անձրևոտ եղանակը, հարբած խոտհնձիչները, անառույգ երկրպագուները, ապաշնորհ մերսողները, ծակ մարզակոշիկները, քառակուսի գնդակը... Մի խոսքով, մեղավոր են բոլորը, բայց միայն ոչ ինքը՝ մարզիչը։
Եվ այդպես՝ անվերջ: Քանզի այդ մարզիչը ոչ մի կերպ չի հեռանա պաշտոնից՝ անդադար հիստերիկ ճղավելով, թե նախկին մարզիչները՝ նախկին ֆուտբոլիստների հետ միասին, դավեր են նյութում իր դեմ և անպայման կվերադառնան, որպեսզի հաջողակ ֆուտբոլային թիմը վերածեն շախմատային ակումբի։
Ի՞նչ է սա, եթե ոչ կատարյալ աբսուրդ: Մինչդեռ ճիշտ այդպիսին է իրավիճակը մեր երկրում։ Եվ որ ամենացավալին է, տանուլ տված խաղի ավարտից անմիջապես հետո հազարավոր երկրպագուներ նետվեցին բախելու ՀՖՖ շտաբ-բնակարանի դռները, պահանջելով, որ ՀՖՖ ղեկավարությունը հրաժարական տա։ Բայց երբ ընդդիմադիր շարժման առաջնորդները կոչ են անում հասարակությանը միանալ պայքարին՝ երկիրը կործանողին ու ոչնչացնողին տապալելու համար, երեք միլիոնից միայն չնչին տոկոսն է որոշում իր անձնական լուման ներդնել այդ գործում։
Իմիջիայլոց, ֆուտբոլը, երկրպագու եղբայրներ, մինչև ուղնուծուծը քաղաքական մարզաձև է։ Երկրի քաղաքական կյանքի զավակ ու արգասիք: Ֆուտբոլը պետության և հասարակության վիճակի հայելային արտացոլումն է։ Եվ քանի դեռ կարգուկանոն չի հաստատվել բարձր մակարդակներում, հավաքականի մարզչի և նույնիսկ ՀՖՖ ղեկավարության ոչ մի հրաժարական չի շտկի իրավիճակը։
Այն ո՞նց էր ասված Փաշինյանի նախընտրական ծրագրում։ Աշխարհի չեմպիոններ՝ մինչև 2050 թվականը։ Իր իշխանավարման օրո՞ք։ Հա, բա չէ…