Ձեռնտու լինել իշխող ուժին․ Կյուրեղյանին մտահոգում է ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունը
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը կարող է իշխանությունն արհեստականորեն ձգձգելու հնարավորություն դառնալ իշխող ուժի համար։ Նա մտահոգություն հայտնեց Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է Ընտրական օրենսգրքում ավելացնել նաև այս հոդվածը. «Եթե արտակարգ կամ ռազմական դրությունը հայտարարվել է մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, և վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում»։
Կյուրեղյանի կարծիքով` կարող է լինել իրավիճակ, որ երբ ընտրության արդյունքներն արդեն կանխատեսելի են, ինչ-որ ուժ խժդժություններ սկսի, սադրի գործընթացը կասեցնելու համար։
«Սա չի՞ նշանակում քվեարկության արդյունքների անտեսում»,- հարց ուղղեց Կյուրեղյանը։
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանը, որը ներկայացնում էր նախագիծը, նշեց, որ արտակարգ և ռազմական դրություններ կարող են բացառիկ դեպքերում հայտարարվել, բայց դրանք այն դեպքերն են, որոնք ՀՀ-ում հնարավոր չէ բացառել։
«Այս ամենի հետևանքով էականորեն կարող է փոխվել երկրում տիրող իրավիճակը, նաև քաղաքական իրավիճակը, առաջարկվում է նման դեպքերում ընտրական գործընթացը դադարեցնել հենց այդ նպատակով։ Նաև որ ռազմական դրությունից հետո իրերի հարաբերակցությունը, քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու ժողովրդի վստահության փոփոխությունը կարող են այնպիսին լինել, որ արդեն նախաձեռնված ընտրական գործընթացներն այլևս վստահելի չլինեն»,- ասաց Հարությունյանը։
Արմենուհի Կյուրեղյանը, այնուամենայնիվ, տարակուսած է, թե որքանով են նման փոփոխությունները համապատասխանում ժողովրդավարությանը, երբ կայացած ընտրությունների արդյունքները չեղարկվում են։ Կարծում է՝ սա կարող է ձեռնտու լինել իշխող ուժին, ու խոսքը միայն գործող իշխանության մասին չէ։
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց՝ նախագիծը բարելավելու տեղ մշտապես կարող է ունենալ, և ձևավորված աշխատանքային խումբը կքննարկի ԱԺ-ում բարձրացված տարբեր հարցերը։
Sputnik Արմենիա