Զախարովա․ ՌԴ-ն հետագայում էլ է պատրաստ ապաշրջափակման հարցում աջակցել Բաքվին և Երևանին
Ռուսաստանը կարծում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների համակողմանի ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը և պատրաստ է այսուհետ ևս աջակցել գործընկերներին այդ ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե ինչու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հանձնաժողովի աշխատանքները առաջ չեն գնում, ասել էր, որ մաքսային և սահմանային հսկողության գործառույթները պետք է լինեն լիարժեք և ինքնիշխան, որի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի շարունակել քննարկումնները։
«Խնդիրն այստեղ (ապաշրջափակման) հույս ունենալու կամ դրա բացակայության մեջ չէ, այլ փոխադարձ ընդունելի արդյունքի հասնելու, փոխադարձ ընդունելի լուծում գտնելու մեջ է, որը ձեռնտու կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ:
Նա նաև օրինակ է բերել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։
Sputnik Արմենիա