Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը կոչ է արել արձագանքել Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացումը

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը միջազգային հանրությանը կոչ է արել շտապ արձագանքել Բաքվում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի պատմական կենտրոնի ոչնչացումը:

Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազը նշել է, որ Ադրբեջանը, շարունակում է անպատիժ էթնիկ զտումներ իրականացնել Արցախում։ Ինչպես շեշտվել է, երկիրը փակել է Լաչինի միջանցքը՝ շրջանի բնակիչներին 10 ամսով զրկելով սնունդ ստանալու հնարավորությունից, իսկ հետո Արցախի ողջ բնակչությանը ստիպել լքել իրենց տները։ Այս պահին Արցախի մի քանի քաղաքական առաջնորդներ դեռ անազատության մեջ են, իսկ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը շարունակվում է։

Մինչ COP29-ի մեկնարկը, բարեկամության խումբը կոչ է անում համաշխարհային հանրությանը խիստ պայմաններ պարտադրել Ադրբեջանին, այն է՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մեկնում՝ պաշտպանելու ԼՂ-ում հայկական և կրոնական ժառանգությունը, Արցախի փախստականների անվտանգ վերադարձի իրավունքի ապահովումը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն։

Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունները ավերել են Ստեփանակերտի պատմական կենտրոնի մեծ մասը։

«Այդ գործողությունները, որոնց նպատակն է ոչնչացնել հազարամյա պատմության հետքերը, կարելի է համեմատել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» հանցագործությունների հետ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես մշակութային ցեղասպանություն, կամ Աֆղանստանում թալիբների կողմից Բուդդայի հսկա արձանների ոչնչացման հետ։ Վերափոխելով այն հողը, որը դարեր շարունակ եղել է հայերի տունը, Ալիևի ռեժիմը հստակ ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձը կանխելու իր մտադրությունները»,- նշել է Ժիլբեր-Լյուկ Դևինազը։

ABC MEDIA