ՓԱՍՏԱԲԱՆ․ ԵԹԵ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԽՈՇՏԱՆԳԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ԿԱ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Երբ քաղաքացուն խոշտանգած կամ բռնության ենթարկած ոստիկանը նույնականացված է, բայց նրան չեն պատժում, նշանակում է՝ համակարգային մոտեցում կա։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին և դրանից առաջ, օրինակ՝ Եռաբլուրում, քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործադրած անհամաչափ ուժին, բռնության դեպքերին։
«Երբ տեսնում ենք, որ ոստիկանը պատժի չի ենթարկվում, մենք հիմք ենք ունենում պնդելու, որ սա համակարգային թողտվության արդյունք է և բոլոր իրավապահ մարմինները համատեղ, իրար գործողություններ փոխլրացնելով, նպաստում են այս կարգի ապօրինությունների դրսևորմանը»,- ասաց Խուդոյանը։
Նա շեշտեց՝ հետևողական են լինելու, որ բոլոր բռնությունների, խոշտանգումների դեպքերը հստակ արձանագրվեն, նաև դրանց ընթացքին են հետևելու։
Փաստաբանի կարծիքով՝ հարցին լուծում տալու համար հանրային լայն արձագանք, նաև իրավապաշտպանների, լրատվամիջոցների հետևողականությունն է պետք։ Ըստ նրա՝ իրավական գործընթացներն այն աստիճան են աղավաղվել, որ դժվար է հարցի լուծումը պատկերացնել միայն կաբինետային գործողություններով։
«Բազմաթիվ դեպքեր, երբ ունեցել ենք բռնության դեպքեր և խոշտանգումներ, հաղորդումներ ենք ներկայացրել, սակայն դրանք կա՛մ մնացել են անտեսված, կա՛մ հարուցվում են, բայց խոշտանգված կամ բռնության ենթարկված անձին կարող են 6 կամ 8 ամիս հետո կանչել հարցաքննության, իսկ դա իրականացրած ոստիկանը, որի դեմքը հայտնի է, շարունակում է իր ծառայությունը»,- նշեց փաստաբանը։
Նա հիշեցրեց Սամվել Վարդանյանի հայտնի դեպքը, երբ նրան ուղեկցած ոստիկաններն այնպես են կազմակերպել, որ դիմակավորված անձինք գան ու նրան խոշտանգեն, բայց նրանց ծառայությունը ոչ մի օրով չի կասեցվել։ Նրանք շարունակել են ձերբակալված անձանց ուղեկցել, և, ըստ փաստաբանի, այդպիսով շարունակել է պահպանվել ռիկսը, որ կրկին ձերբակալված անձին կարող են գալ և խոշտանգել։
Խուդոյանն անդրադարձավ ընթացիկ տարվա ընթացքում անհնազանդության ակցիաների մասնակից քաղաքացիների ավտոմեքենաները պահպանվող տարածք տանելուց հետո «հորինված գործերին»։
Նրա խոսքով՝ ավտոմեքենաները ոստիկանության կողմից տարվել են պահպանման տարածք, ու երբ անձինք փորձել են վերադարձնել իրենց մեքենաները՝ մտածելով, որ որևէ վարչական իրավախախտման մեջ են մեղադրվելու, պարզվել է, որ երկնքից քրեական վարույթ է ընկել։
«Ինչ-որ օպերատիվ տվյալների հիման վրա Երևանի տարբեր քննչական բաժիններում առկա են տարբեր գործեր, հիմնականում դրանք դարակից հանված ինչ-որ մեռած գործեր են, կլինի գողություն, մանր հանցագործություններ, խուլիգանություն, դրանցով գործերի մեջ պարզապես ավելացվել են օպերատիվ տվյալներ կոնկրետ մարդկանց վերաբերյալ, այդ պատրվակով, նույնիսկ առանց քրեաիրավական ընթացակարգերի պահպանման, այդ մեքենաները քրեական վարույթներով պահվում են»,- ասաց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ դեպք է եղել, երբ մի քաղաքացու մեքենա պահվել է՝ իբրև թե փետրվարին այդ մեքենայով կատարվել է հանցագործություն, մինչդեռ հետո պարզվել է, որ մեքենան Հայաստան է բերվել միայն մայիսին։
Իրավապահ մարմինները, փաստաբանի խոսքով, այս ամենը որպես պատրվակ են ծառայեցնում հավաքներին մասնակցության համար քաղաքացիներին պատժելու նպատակով։