«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՁԵՎԱՉԱՓԸ ԾՈՒՂԱԿ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի հետ հարցերի լուծման երկկողմ ձևաչափը, առանց միջնորդների ներգրավման, ծուղակ է և փակուղի, քանի որ չի լինի վեճերի լուծման մեխանիզմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 24-ին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նա ավելացրել է, որ ՀՀ վարչապետը Թուրքիային խնդրում է, որ նա միջամտի հայ-ադրբեջանական հարցերին։ Նրա խոսքով՝ Փաշինյանի համար Թուրքիայի ներգրավումը ընդունելի է, իսկ «3+3» ձևաչափը որպես բանակցությունների հարթակ՝ ոչ, չնայած վերջինի միջնորդությունը կարող է Հայաստանի համար ավելի նպաստավոր լինել, քան միայն թուրքականը։
«Փաշինյանը Թուրքիային խնդրում է օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Բա միջամտությունն էլ ո՞նց է լինում։ Մեր շահերն Իրանի հետ խիստ համընկնում են, Ռուսաստանի շահերի հետ որոշակի չափով նույնպես համընկնում են, բայց հակասում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպես ենք մենք տեսնում մեր շահերը։ Եթե, ինչպես դա անում են իշխանությունները, տեսնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա դա նշանակում է, որ մենք մեզ դնում ենք լուրջ ճնշման տակ և կրճատում ենք մեր շահերը պաշտպանելու հնարավորությունը»,- նշել է Ռուստամյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանություններն աստիճանաբար բավարարում են բոլոր հայտնի նախապայմանները, որոնց մասին վաղուց խոսում է Թուրքիան, և մնացել է միայն Ադրբեջանի պահանջը՝ կապված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան միշտ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել է Բաքվի հետ Երևանի փոխհարաբերություններով։
Պատգամավորը կարծում է, որ այս հարցով Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունն աստիճանաբար մեղմվում է։ «Սկզբում նրանք առհասարակ չէին խոսում ինչ-որ տարբերության մասին մեր հաղորդակցությունների մասին, իսկ հիմա սկսել են խոսել, որ պատրաստ են արտոնություններ տրամադրել։ Թե ինչ աստիճանի կհասնի այդ արտոնությունների տրամադրումը՝ մենք, ինչպես միշտ, կիմանանք վերջինը, քանի որ ամեն բան տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունն ամեն ինչի մասին իմանում է վերջինն ու կանգնում փաստի առջև։ Իշխանություններն այսօր, թերևս, խոսում են հենց այդ մասին։ Խոսքը, հավանաբար, նաև այն մասին է, որ նրանք փորձում են գալ ընդհանուր համաձայնության Ադրբեջանի պահանջների մասով։ Հավանաբար, իշխանությունների պոզիտիվը, որի մասին նրանք խոսում են, ձևավորվել է այս հարթությունում»,- բացատրել է նա։
Ընդ որում, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը մինչև վերջ չեն ստացել ցանկալին, առաջընթաց կանխատեսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ըստ պատգամավորի, դժվար է։ Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի, երբ Երևանը բավարարի իր բոլոր պահանջները։
Խորհրդարանականը նաև հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է փափուկ ուժի կիրառման միջոցով հասնել Հայաստանի թրքացմանը։ «Միայն տնտեսական բաղադրիչը բավական է, որպեսզի Թուրքիան կլանի Հայաստանը։ Բուլղարիայի և վրացական Աջարիայի օրինակներն առկա են։ Եթե տնտեսական էքսպանսիա սկսվի երկու կողմից, ապա շատ կարճ ժամանակում Հայաստանը կդառնա տնտեսապես կախված թուրք-ադրբեջանական տանդեմից։ Հենց որ նրանք տեսնեն, որ այդ ճանապարհին խոչընդոտներ չկան, պաշտոնապես կարող են ասել, որ խաղաղության են գնում։ Այդ դեպքում կլինի մի ինչ-որ տարածք՝ Հայաստան անունով, որը կենթարկվի Թուրքիային»,- ամփոփել է Արմեն Ռուստամյանը։