Աշոտ Մելիքյան․ Երկու լավ և մեկ վատ լուր ԶԼՄ-ների համար
«Այս ասուլիսին ես եկել եմ երկու լավ և մեկ վատ լուրով: Առաջին լավ լուրն այն է, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին ֆիզիկական բռնության ոչ մի դեպք չի արձանագրվել: Դա այն հազվագյուտ ժամանակաշրջաններից է, երբ հուրախություն մեզ՝ այդ ցուցանիշը զրո է: Երկրորդ լավ լուրն այն է, որ տարատեսակ այլ ճնշումների քանակը նույնպես նվազել է մոտ 2,5 անգամ»,-Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2024 թ. 3-րդ եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ինչ վերաբերվում է վատ լուրին, այս մասին էլ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հետևյալը նշեց. «Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն ավելի քան 2 անգամ ավելացել են: Լրագրողների կողմից բազմաթիվ օրինակներ են բերվել, երբ իրենք դիմել են պետական մարմիններ, և կա՛մ ժամանակին չեն ստացել տեղեկությունը, կա՛մ լղոզված պատասխաններ են եղել: Սա խնդիր է մնում»:
Պարոն Մելիքյանը նաև կոնկրետ թվեր նշեց. «Երրորդ եռամսյակի ընթացքում տարատեսակ այլ ճնշումներ քանակը 11-ն է, եթե համեմատենք երկրորդ եռամսյակի հետ, այդ թիվը 26 էր: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը 41 է, ինչը երկու անգամ ավել աճ է նշանակում նախորդ եռամսյակի համեմատությամբ: Ֆիզիկական բռնությունների և տարատեսակ այլ ճնշումների նվազումը կամ բացակայությունը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում այդ ժամանակահատվածում հանդարտ էր, չկային ընդհարումներով, այդ թվում՝ ոստիկանական ուժերի հետ ուղեկցվող, տարատեսակ ցույցեր: Մեր բազմամյա դիտարկումները ցույց են տալիս, որ երբ լրագրողը թեժ պայմաններում է աշխատում, տարատեսակ կոնֆլիկտների մեջ հայտնվելու վտանգը մեծանում է»:
Նա նշեց, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ ճնշումների բնույթը չի փոխվել, դրանք կարող են լինել, օրինակ` սպառնալիքներ, վիրավորանքներ, ճնշումներ այն առումով, որ թույլ չտան ստանալ լրագրողին հետաքրքրող տեղեկությունները, խոչընդոտեն լրագրողական գործունեությունը և այլն:
Aravot.am