ՋՈՒՐ՝ ԹՇՆԱՄՈՒ ՋՐԱՂԱՑԻՆ
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ թշնամու ջրաղացին ջուր լցնելը սովորական երևույթ է դարձել ժամանակակից Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի ներկայացուցիչների շրջանում։ Գիտակցաբար է արվում դա, թե անտեղյակության կամ տարրական անգրագիտության պատճառով, այլ հարց է։ Բայց փաստը մնում է փաստ։
Հոկտեմբերի 20-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե իրավունք ունի՞ արդյոք Ադրբեջանը հարձակվելու Հայաստանի և Արցախի վրա, հայտարարեց, թե «Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Օպերատիվ կերպով արձագանքելով դրան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անընդունելի և դատապարտելի անվանեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի այդ հայտարարությունը:
«Հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ, դա մի մարդու հայտարարություն է, որը չգիտի հակամարտության պատմությունը, բանակցային գործընթացը։ Շատ ափսոս, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը ՄԱԿ-ի չորս բանաձևերը նման ձևով է մեկնաբանում, խեղաթյուրելով և ենթարկվելով Ադրբեջանի քարոզչական թեզերին։ Այսպիսով պարզ է դառնում, որ հենց այս ազդեցության տակ է այս անձը նման կարծիք կազմել»,- մեկնաբանեց Ստեփանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության համար։
Հայտնի է, որ 1993թ. ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնց հիմնական պահանջն էր ադրբեջան-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը և խաղաղ բանակցությունների միջոցով հարցերի կարգավորումը: Սակայն հակառակ այդ բանաձևերի՝ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չդադարեցրեց Արցախի դեմ իր ագրեսիան, այլև հակառակը, հետևողականորեն ուժգնացրեց ճնշումը՝ շարունակելով խնդիրն ուժով լուծելու փորձերը, և նախաձեռնեց նոր ռազմական հարձակումներ՝ կրելով ընդ որում մի պարտությունը մյուսի հետևից։ Արդյունքում այդ ձախողումները ստիպեցին Ադրբեջանին 1994 թվականի ապրիլ-մայիս ամիսներին դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ զինադադարի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկով։
Սակայն Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս շահարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ փորձելով դրանք ներկայացնել որպես հիմնավորում, ինչ-որ իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման, հարցի ուժային լուծման և Արցախի ժողովրդի դեմ իրենց ռազմական հանցագործությունների արդարացման համար: Այդպիսով անտեսվում է այն ակնհայտ փաստը, որ նշյալ բանաձևերն ընդունվել են Ադրբեջանի սանձազերծած ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում և նպատակ են հետապնդել վերջ դնել պատերազմին ու քաղաքական երկխոսություն սկսել: Դրանով էր պայմանավորված բոլոր չորս բանաձևերի գլխավոր պահանջը. հրադադար, ցանկացած ռազմական և թշնամական գործողությունների դադարեցում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն այդպես էլ չիրագործվեցին նախևառաջ պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր կաշկանդել իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով և միաժամանակ Արցախից պահանջում էր միակողմանի զիջումներ, որոնք ուղղված էին միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերին համապատասխան հռչակված երիտասարդ հանրապետության պաշտպանության և անվտանգության համակարգի լիակատար ոչնչացմանը։ Դրա հետ մեկտեղ, բանաձևերի ընդունումանը հաջորդած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը բազմիցս տապալել է միջնորդների ճնշման տակ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, ինչի մասին աներկբա ասված է թվով չորրորդ 884 բանաձևում, որը միաձայն ընդունվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993թ. նոյեմբերի 12-ին:
Բանաձեվի ցուցումների չկատարման հիմնական պատասխանատվությունը, ինչպես նշել է Վլադիմիր Կազիմիրովը (1992-1996 թվականներին՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի գծով Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ) կրում էր Ադրբեջանը, որը, նրա խոսքերով, ի տարբերություն հայկական կողմի, խուսափում էր բանաձևի գլխավոր և առաջնահերթ պահանջից՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումից: Ընդ որում, մերժելով զինադադարի հաստատման կամ դրա երկարաձգման վերաբերյալ նոր առաջարկները, Բաքուն իր բոլոր գործողություններով ցույց էր տալիս, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ որպես ռազմական առավելության հասնելու գործիք…
Սակայն այն ժամանակ ամեն ինչ ընթացավ ոչ թե Բաքվի սցենարով, այլ հակառակը։ Անտեսելով միջազգային հանրության կոչերն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Ադրբեջանը համառորեն փորձում էր հարցը լուծել ուժով, անմտորեն գրոհելով և... կորցնելով շրջան առ շրջան: 1992-1994թթ. Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետմղման հակահարձակողական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ազատագրած տարածքներն այդ ժամանակահատվածում ծառայում էին որպես անվտանգության յուրօրինակ գոտի ԼՂՀ-ի համար և կարևորագույն նշանակություն ունեին բնակչության ֆիզիկական գոյատևման համար. Լեռնային Ղարաբաղն ի սկզբանե սեղմված էր հոծ օղակի մեջ, խաղաղ բնակչությունը օդային հարվածների և զանգվածային հրետակոծությունների էր ենթարկվում մոտակա ադրբեջանական բնակավայրերից, որոնք գործնականում կրակակետերի էին վերածվել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Եվ միայն համաժողովրդական աննկարագրելի ջանքերի և անօրինակ տոկունության ու հերոսության շնորհիվ Արցախին հաջողվեց բեկել պատերազմի ընթացքը և հետ շպրտել ագրեսիվ թշնամուն համեմատաբար անվտանգ հեռավորության վրա:
Հետագայում, գործնականում ձևացնելով, թե մասնակցում է կարգավորման գործընթացին, պաշտոնական Բաքուն իրականում շարունակեց լայնածավալ քարոզչական պատերազմ մղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ՝ կիրառելով կեղծիքների, սադրանքների, ռևանշիստական սպառնալիքների ամենաարտառոց եղանակներ։ Եվ գնալով ավելի մեծ վտանգ էր պարունակում Ադրբեջանի պահվածքը։
2016 թվականին Արցախի դեմ ապրիլյան նենգ ագրեսիան, որը ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ մտավ որպես «քառօրյա պատերազմ», դարձավ 1994 թվականի հրադադարի մայիսյան անժամկետ համաձայնագրի ամենամասշտաբային խախտումը: Սակայն ցավոտ կորուստների գնով ԼՂՀ ՊԲ-ին կրկին հաջողվեց խաղաղություն պարտադրել ագրեսորին և ստիպել հրադադար խնդրել։ Իհարկե, դժվար էր ենթադրել, թե հերթական ձախողումից հետո Բաքվի ռեժիմը կհրաժարվի իր ծավալապաշտական նպատակներից, մանավանդ որ նույնիսկ լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ադրբեջանական կողմը հակամարտության կարգավորման հարցում միջազգային միջնորդների ոչ բավարար արձագանքի խորապատկերին շարունակում էր սադրանքները շփման գծում՝ պարբերաբար գնդակոծելով արցախյան դիրքերը ոչ միայն տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով, այլև հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։
Այդ ամենը չորս տարի անց փոխարկվեց «44-օրյա պատերազմի»՝ թուրք-ադրբեջանական սանձարձակ մոլեգնության, որն աչքի էր ընկնում թշնամու առանձնակի դաժանությամբ, նենգությամբ ու այլասերվածությամբ՝ ինչպես պատերազմի վարման մեթոդների ու կիրառվող զենքի, այնպես էլ հայ խաղաղ բնակչության, ռազմագերիների, պատանդների ու վիրավորների նկատմամբ վայրագությունների, համամարդկային նորմերի ցինիկ ոտնահարման առումով։ Միայն նման անմարդկային ոճրագործության միջոցով, նախապես հավաքագրված հազարավոր բազմապիսի ահաբեկիչների աջակցությամբ Ալիևին ու Էրդողանին հաջողվեց հասնել ռազմական առավելության և Արցախի մի մասի բռնազավթման…
Այնուհետ Բաքվի ռեժիմի պարագլուխը, լկտիաբար անտեսելով նույն ՄԱԿ-ի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կոչերն ու որոշումները, նախ կազմակերպեց Արցախի գրեթե տասնամսյա շրջափակում-պաշարումը, իսկ հետո իսպառ հայրենազրկեց հազարամյակներ շարունակ իրենց հողի վրա ապրող մարդկանց: Իսկ այսօր չպատժված ագրեսորը բացահայտ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ...
Եվ ցավալի է, որ Հայաստանի իշխանական կառույցներում գտնվում են անձինք, որոնք կամա թե ակամա աջակցում են թշնամու ագրեսիվ ծրագրերին և նրա քարոզչական բացահայտ ստերի առաջմղմանը, խրախուսելով Բաքվի ռեժիմին հայ ժողովրդի դեմ նոր պատերազմական հանցագործությունների։