Հարաբերություններում ոչինչ չի փոխվել․ Հովհաննիսյանը՝ Փաշինյան-Լուկաշենկո զրույցի մասին

Հայաստան-Բելառուս հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցին՝ ԲՐԻԿՍ + -ի շրջանակում:

Նշենք, որ դա պաշտոնյաների առաջի շփումն էր հարաբերությունների սրացումից և Մինսկ հայ պաշտոնյաների այցելելու արգելքից հետո:

«Ինչպես գիտեք, ԲՐԻԿՍ-ի միջոցառմանը ներկա էր նաև Բելառուսի նախագահը։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունից հետո ոչինչ չի փոխվել (պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ պետական ոչ մի պաշտոնյաչպետք է այցելի Բելառուս,-խմբ.)։ Մենք չգիտենք` երեկ ինչի մասին են խոսել, հետևաբար չգիտենք` ինչպես մեկնաբանել, բայց Բելառուսի հետ հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Բելառուսի նախագահն ուղղակի նույն տանիքի տակ էր, որտեղ այդ միջոցառումն էր տեղի ունենում»,-ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ սոցցանցերում տարածվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լուսանկարը։ Նշվում էր, որ նրանք առանձնազրույց են ունեցել ԲՐԻԿՍ + -ի շրջանակում։

Լուկաշենկոն մայիսի 15-17-ը Ադրբեջանում էր և այդ ընթացքում այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ։ Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի պատերազմից առաջ (դիմելով Իլհամ Ալիևին՝ նա ասել էր «ձեր ազատագրական պատերազմից» առաջ) ինքն ու Ալիևը զրուցել են և եկել այն եզրակացության, որ պատերազմում հաղթել հնարավոր է։ Նա հավելել էր` հիմա եկել է այն ծանր ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այդ տարածքները։

Հունիսի 13–ին խորհրդարանում ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Դա պայմանավորված է Բելառուսի նախագահի երեք շաբաթ առաջ արված հայտարարություններով՝ կապված Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետ։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։

Sputnik Արմենիա