Շողակաթ Վարդանյանի ֆիլմը կցուցադրվի Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կինոփառատոնում
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը չեխական Յիհլավայում կանցկացվի 28-րդ միջազգային վավերագրական ֆիլմի փառատոնը։ Ji.hlava International Documentary Film Festival Ji.hlava IDFF-ն եվրոպական առանցքային փառատոններից մեկն է և հեղինակային վավերագրական կինոյի ամենամեծ փառատոնը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում:
ՕՐԵՐ-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 27-ին Յիհլավայի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում կցուցադրվի համաշխարհային կինոփառատոններում բազմաթիվ պատվավոր մրցանակների արժանացած Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։ Այն կներկայացվի Եվրոպայի կարևոր կինոփառատոններում մրցանակների արժանացած ֆիլմերի շարքում՝ «Համաստեղություններ» բաժնում։
Ինչպես հայտնի է, «1489» ֆիլմն արժանացել է ոչ միայն հեղինակավոր Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին, այլև Հայաստանում համարվում էր ամերիկյան կինոակադեմիայի՝ Օսկարին ներկայացվելիք թեկնածու 4 ֆիլմերից մեկը, սակայն կինոակադեմիայի որոշմամբ Օսկարի մրցանկաբաշխության ուղարկվեց Էդգար Բաղդասարյանի ֆիլմը, ինչն էլ հանարային բողոքի առիթ հանդիսացավ։
76 րոպեանոց «1489» ֆիլմը կցուցադրվի Յիհլավայի Kino DKO կինոթատրոնում հոկտեմբերի 27-ին ժամը 10-ին։
Ֆիլմն առնչվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմի հետ, որը բռնկվել էր Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Քառասունչորս օր տևած այս կոնֆլիկտի ընթացքում ռեժիսորի կրտսեր եղբայրը՝ Սողոմոնը, ով նոր էր ավարտել զինվորական ծառայությունը, անհետանում է։ Փորձելով հաղթահարել վախն ու անորոշությունը, ընտանիքն այնուամենայնիվ փորձել է գտնել Սողոմոնին։ Այդ ընթացքում Շողակաթ Վարդանյանը սկսել է իր հեռախոսի տեսախցիկով արձանագրել առօրյա իրականությունը:
AlphaNews.am