Սպիտակ տուն․ ՌԴ տարածքի ուղղությամբ հարվածների վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը չի փոխվել

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հաստատել է, որ ԱՄՆ-ն չի փոխել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի հեռահար հարվածների վերաբերյալ դիրքորոշումը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Կիրբին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է խորհրդակցությունները դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ՝ քննարկելու համար Ուկրաինային հատկացվող աջակցությունը մարտի դաշտում, սակայն ռուսական թիրախներին ուղղված հեռահար հարվածների վերաբերյալ քաղաքականության վերանայում դեռ չի նախատեսվում:

«Ռուսաստանի խորքում թիրախներ խոցելու համար հեռահար հարվածներ հասցնելու հարցում փոփոխություններ չկան մեր քաղաքականության մեջ»,– ընդգծել է Կիրբին:

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս Գերմանիա կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել «քառյակի» երկրների առաջնորդների հետ և նրանց հետ քննարկել Ուկրաինային աջակցելու հետագա համակարգումը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն քննարկում է ոչ միայն Կիևին հեռահար զենք մատակարարելու հարցը, այլև հնարավոր ուղիղ ներգրավումը ուկրաինական հակամարտությունում, ինչը, նրա կարծիքով, կարող է փոխել դրա բնույթը և ստեղծել սպառնալիքներ, որոնք պատասխան միջոցներ կպահանջեն: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Պուտինի` նման մատակարարումների հետևանքների մասին հայտարարությունները շատ պարզ են: Ռուսաստանն Ուկրաինային հատկացվող զենքի մատակարարումները դիտարկում է որպես սպառնալիք, որը ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում է հակամարտության մեջ։

Sputnik Արմենիա