Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը կմնա ուժի մեջ
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյաննի արդարացման դատավճիռը կմնա ուժի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Այսօր ստացանք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը»,– գրել է նա։
Նշենք, որ Թամրազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի հատկանիշներով (խուլիգանություն)։ Թամրազյանի խափանման միջոց էր ընտրել երկրից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Բանն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունից (2022 թ. դեկտեմբերի) հետո հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ կային ձայնը փակած մասեր։ Դրանք, ըստ հրապարակումների, հատվածներ էին, որտեղ Գրիշա Թամրազյանը հայհոյում էր այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։
Sputnik Արմենիա