Իվանիշվիլին հայտնել է «ակնթարթային պատերազմի» վտանգի մասին ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում

«Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական ընտրությունների օրը հերթական անգամ վախեցրել է բնակչությանը «պատերազմով» ընդդիմության հաղթանակի դեպքում, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

Ընդ որում, երկրի ընդդիմությանը նա անվանել է «օտարերկրյա գործակալներ»։

«Հիշեցնեմ, որ պատերազմը գտնվում է հարևանությամբ։ Այս երկիրը, որը կառավարում են գործակալները, շտապ հանձնարարություն է տվել, որպեսզի Վրաստանը ներգրավվի ռազմական գործողություններում։ Վստահեցնում եմ ձեզ, դա երկար ժամանակ չի զբաղեցնի, դա տեղի կունենա ակնթարթորեն, և երկրի զարգացման մասին մտածելու փոխարեն մենք կստանանք աղետ և ավերածություն»,- ասել է Իվանիշվիլին։

Իվանիշվիլին վստահ է, որ կառավարող «Վրացական երազանքի» հաղթանակը երկրին «որակապես նոր հասարակություն կբերի, որտեղ ոչ մի բևեռացում չի լինի»։

«Ընտրությունը շատ հեշտ է։ Կամ մենք ընտրում ենք կառավարություն, որը կծառայի ձեզ, վրաց ժողովրդին, վրացական հասարակությանը, մեր հայրենիքին, կհոգա երկրի մասին, կամ ընտրում ենք օտարերկրյա գործակալներին, որոնք կկատարեն միայն օտար երկրի առաջադրանքները»,- ասել է նա։

«Բևեռացման հիմքում ընկած է այն փաստը, որ քաղաքական գործիչների մի մասը հոգում և փորձում է երկիրը տանել խաղաղության և հաղթանակի, այն դեպքում, երբ մյուս մասը, որը ծառայում է օտարերկրյա գործակալությանը, օտար երկրի, քաղաքական գործիչները, որոնք գործակալներ են կոչվում, փորձում են անել այն, ինչը հետաքրքրություն է ներկայացնում օտար երկրի համար, և այսօր այդ հետաքրքրություն արտահայտում են միայն նրանք, ովքեր գտնվում են պատերազմի մեջ, որը, ցավոք, ընթանում է մեր հարևանությամբ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

News.am