ՀՀ ֆինանսների նախարար․ 2025թ․ կապիտալ ծախսերի 55,8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին

2025թ պետական բյուջեով նախատեսվող կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այսօր Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը հանձնաժողովներում ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախատեսվում է, որ 2025թ կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6,6 տոկոսը, որը 2024թ պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն 2024թ սպասվող ծախսերի համեմատ շատ է 0,6 տոկոսով։

«Էական է նշել, որ կապիտալ ծախսերի 55,8 տոկոս ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024թ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը գալիք տարի կկազմեն համախառն ներքին արդյունքի 6 տոկոսը և 2024թ-ի համեմատ 0,7 տոկոսով շատ կլինեն։

«Աա ամենաէական մասն է մեր բյուջեի, որովհետև այստեղ է կենտրոնացած մեր ամբողջ ուժը, այսինքն՝ այն պոտենցիալը, ուժը, որ մենք դնում ենք, այս տարի պաշտպանության ոլորտի զարգացման մեջ է»,- շեշտեց նախարարը։

2025թ սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն 905 միլիարդ դրամ, որը 13,9 տոկոսով կգերազանցի 2024թ պետբյուջեով սահմանված սոցպաշտպանության ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 8,2 տոկոսը։

Կրթության ոլորտին կուղղվի 300 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 4,5 տոկոսով կգերազանցի 2024-ի ծախսերը և կկազմի ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։

Շրջակա միջավայրի նախարարությանը կտրամադրվի 13,5 միլիարդ դրամ, որը 37,6 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշին։ Նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է նոր էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ծախսերը 2025թ կկազմեն 47,5 միլիարդ դրամ, ինչն էլ 89 տոկոսով է գերազանցում է նախորդ տարվա ծախսերը։

Sputnik Արմենիա