Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները մանդատներից հրաժարվելու արձանագրություն են ներկայացրել

Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ քիչ առաջ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:

Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 25-ին «Բալասանյան դաշինքի» ընտրացուցակում ընդգրկված, սակայն մանդատ չստացած անձինք ինքնաբացարկ էին ներկայացրել և դուրս եկել ցուցակից: «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» 2022-ից կոալիցիոն հուշագրի հիման վրա Գյումրին ղեկավարում էին համատեղ, սակայն նախորդ տարի ՔՊ-ն խզեց դաշինքի հետ հուշագիրը: