Ո՞ՒՄ Է ՆԻԿՈԼԸ ՎՍՏԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԵՏ ԱՌԱՋԻՆ «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԳԻՇԵՐՆ» ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ «ՊԱՏԻՎԸ»

Եվ այսպես, ՄԱԿ-ի կլիմայական խորհրդաժողովի մեկնարկից երկու շաբաթ առաջ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են մասնակցել դրան։ Այդ բնավ ոչ պատվաբեր հանձնարարությունը հլու-հնազանդ կատարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 25-ին, թեև որոշումն ակնհայտ էր դեռևս սեպտեմբերի սկզբին։ «ԳԱ»-ն այդ օրերին գրել էր, որ փաշինյանական ոհմակն արձագանքել է հայ գերիների և պատանդների ազատ արձակման ակտիվ արշավ ծավալելու Լուիս Մորենո Օկամպոյի կոչին, փաստացի հայտարարելով. Բաքու գնալու ենք, գերիների ազատ արձակել չենք պահանջելու։

Ցավոք, մեր կանխատեսումները ճիշտ էին. ասենք, օկուպացիոն ռեժիմից այլ բան ակնկալել հնարավոր էլ չէր։

Այն փաստը, որ մասնակցության մասին հայտարարությունը հնչեց հոկտեմբերի 25-ին, հստակ վկայում է. վերջնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախօրեին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում, որտեղ Փաշինյանը «պատահաբար» հայտնվեց Ալիևի հարևան աթոռին և որոշեց նրա հետ սկսել «բանակցություններ», որոնք, ինչպես գրում էին մոսկովյան լրատվամիջոցները, «աշխույժ և անկեղծ» էին թվում: Եվ դա ճիշտ է, ինչո՞ւ պիտի հանցակիցները պոչ խաղացնեն, եթե բոլոր հարցերով նրանք ունեն նույն դիրքորոշումը, որի հիմքում ընկած է մեկ սկզբունք. Հայաստանը պետք է զիջի, զիջի և զիջի՝ հուսալով, թե Ադրբեջանը կստորագրի Փաշինյանի համար այդքան բաղձալի թուղթը՝ «խաղաղության պայմանագիր» անվանումով։

Պետք է ենթադրել, որ Կազանում Նիկոլը վերջնականապես խոստացել է իր յուզգյարին մասնակցել СОР29-ին և այդպիսով հնարավորինս զերծ պահել նրան քննադատությունից, որը խորհրդաժողովի մոտենալուն պես միայն ուժնանում է։ Առնվազն՝ Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատ արձակելու պահանջով միջազգային արշավի մասով։ Թե ինչ է խոստացել Ալիևը դրա դիմաց և արդյոք ինչ-որ բան խոստացել է, դժվար է ասել, թեև կարելի է ենթադրել, որ մինչև խորհրդաժողովի մեկնարկը նա որոշակի թվով գերիների կվերադարձնի՝ բուռն ծափահարություններ և ներբողներ ապահովելով սեփական «մարդասիրությանն ու բարի կամքին»։

Բայց մի բան հաստատ է. Արցախի առաջնորդներն ազատ չեն արձակվի։ Որովհետև դա բխում է Փաշինյանի և Ալիևի փոխադարձ շահերից. երկուսն էլ հավասարապես չեն ցանկանում նրանց վերադարձը հայրենիք։ Ավելին, արդեն ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի ներկայացուցիչը, որի մակարդակը COP29-ում իբր դեռ որոշված չէ, խորհրդաժողովում չի բարձրացնելու նրանց կալանավորման անօրինականության հարցը և չի պահանջելու ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական վերնախավի ութ ներկայացուցիչներին։ Նիկոլը դա էլ է երդմնալից խոստացել Ալիևին։

Ասվածի համատեքստում դեռևս հոկտեմբերի 22-ին բավական ուշագրավ անկեղծացումներ հնչեցրեց աննախադեպ ակտիվացած (ինչպես համարում են որոշ փորձագետներ՝ բոլորին զզվեցրած Փաշինյանի տեղը զբաղեցնելու հույսով) Ալեն Սիմոնյանը։

Նախ, նա հայտարարեց, թե СОР29-ով «Ադրբեջանը պատմական շանս ունի դրական մեսիջ ուղղել աշխարհին, դրական դեմքով հանդես գալ»: Սա, նկատենք, ասվում է մի երկրի մասին, որը, բացի ամենից, մեկ տարի առաջ ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի մի մասի նկատմամբ և բռնազավթել ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառ.կմ-ը։

Այնուհետ երկրի գլխավոր թքողը հանկարծ հոգատարություն ցուցաբերեց հայ գերիների նկատմամբ. «Դա գերիների խնդիրն է, ինձ հետաքրքրում է մեր 23 անձանց այնտեղ գտնվելը, խաղաղության պայմանագիրը»: Սա ասում է նա, ով 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց, հայ ժողովրդի համար ամենադժնի և մղձավանջային ժամանակաշրջանում, զվարթ հայտարարեց, որ գերիների հարցը փակված է, իր համար «նրանք այլևս գոյություն չունեն»։

Հիմա ամենահետաքրքիրը: Սիմոնյանը բաց տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում օգտագործել СОР29-ը Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը բարձրացնելու համար: Ընդհակառակը, նա ընդգծեց, որ «մեր պետությունը որևէ գործողություն, որը միտված է COP29-ի միջոցառումը չեղարկելուն կամ դրա վրա ազդելուն, չի իրականացնում»:

Ի՞նչ է սա, եթե ոչ հրապարակային խոստում Ալիևին՝ չբարձրացնել Բաքվում ոչ միայն գերիների ու պատանդների, այլև Արցախի և ընդհանրապես Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունների հետ կապված ոչ մի հարց:

Այդ թվում՝ նույնիսկ նրանք, որոնք ուղղակիորեն վերաբերում են շրջակա միջավայրին: Օրինակ, 44-օրյա պատերազմի ընթացքում քիմիական զենքի տարրեր և էկոլոգիական աղետի վտանգ պարունակող արգելված ֆոսֆորային զինամթերքի օգտագործումը։ Կամ բնապահպանական հարցերի ցինիկ օգտագործումը՝ շուրջ 10 ամիս շարունակ 100 հազարից ավելի բնակչություն ունեցող հայկական հանրապետությունը շրջափակելու նպատակով։

Այնուհետ Սիմոնյանը պատասխանեց այն հարցին, թե չի՞ ափսոսում արդյոք Հայաստանը, որ աջակցել է Բաքվում COP29-ի անցկացմանը։ «Չէ, ո՞նց, գերի ստացանք դրա դիմաց: Մենք ոչ թե աջակցել ենք, այլ շատ վատ իրավիճակում, վատ տրամաբանության մեջ ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա Հայաստան»,- պաթոսով ասաց նա՝ հավելելով, թե իբր՝ «բա չհամաձայնեի՞նք, ինչ է մի ՄԱԿ-ի միջոցառում այնտեղ պետք է կայանար»։

Այն մասին, որ բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի անմիջական պարտականությունն է՝ համաձայն միջազգային իրավունքի և Եռակողմ հայտարարության, Սիմոնյանը, ըստ երևույթին, տեղյակ չէ։ Եվ որ իր ներկայացրած թիմը հենց սկզբից համաձայնել է գերիներին փոխադրամ դարձնել Բաքվի հետ ցինիկ քաղաքական սակարկության մեջ, նա, իհարկե, նույնպես բացարձակ անտեղյակ է

Վերջում ԱԺ նախագահը հայտարարեց, թե «COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք» և որ «պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ինչ շահեր ունենք»:

Այսինքն դեռևս հոկտեմբերի 22-ին ռեժիմի ներկայացուցիչները ձևացնում էին, թե առայժմ չեն կողմնորոշվել մասնակցության հարցում և դեռ քննարկում են հարցը։ Իսկ ընդամենը 3 օր անց հանկարծ պարզվում է, որ «քննարկել ու հասկացել» են. պետք է գնա՛լ։ Ամեն ինչ ճիշտ է. Փաշինյանը խոսել է Ալիևի հետ: Իսկ ուրիշ ո՞ւմ հետ է Նիկոլ քննարկում սեփական որոշումները։ Ավելի ճիշտ՝ իբր սեփական։ Քանզի քաղաքականության ոլորտում նույնիսկ ոչ այնքան խորամուխ մարդկանց համար ակնհայտ է, որ նրանից ամեն կողմից պահանջում են կատարել թուրքերի պահանջները, որպեսզի ստորագրվի, վերջապես, այդ բազմաչարչար փաստաթուղթը: Ինչն էլ նա ակնհայտ հաճույքով անում է։

Իսկ ո՞վ է գնալու Բաքու՝ իբր Հայաստանի անունից։ Ամենայն հավանականությամբ, առաջին ամուսնական գիշերվա «պատվին» կարժանանա Արարատ-Արաբատ Միրզոյանը, որն արդեն բարեհաջող կերպով հարթել է ամոթալի ճանապարհը դեպի Անկարա։ Այս կերպարի համար միևնույնն է՝ ուր գնալ և ինչ ասել, միայն թե դեմքի կարևոր արտահայտությամբ շրջագայի աշխարհով մեկ ու ներկայանա իբրև համաշխարհային առաջնորդների հետ հավասարի պես շփվող գործիչ։

Համենայնդեպս հրավերն ուղարկված է հենց Միրզոյանին, թեև կասկածից վեր է, որ դավաճանների թայֆայից ցանկացածը կանի դա հաճույքով. և՛ տհաս Կոստանյանը, և՛ Սիմոնյանը՝ Ռուբինյանի հետ միասին, և՛ փաշինյանական կառավարության պրոֆիլային նախարարը՝ Սիմիդյան ազգանունով, և այլն։

Մինչդեռ COP29-ի նախօրեին մամուլում հայտնվում են Բաքվի համար տհաճ լուրեր։ Խորհրդաժողովին մասնակցելուց Անգլիայի միապետ Կառլոս 3-րդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարումից հետո ԶԼՄ-ները գրում են համաշխարհային այլ առաջնորդների Ադրբեջան ժամանելու նվազ հավանականության մասին: Մասնավորապես, նրանց թվում, ովքեր, ինչպես սպասվում է, բաց կթողնեն COP29-ը, նշվում են Հնդկաստանի վարչապետը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները և ՉԺՀ-ի նախագահը: Իր մասնակցությունը դեռևս չի հաստատել նաև Ադրբեջանի լավագույն ընկերը՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

Այս խորապատկերին կմխիթարի՞ արդյոք Ալիևին Միրզոյանը։ Դժվար կլինի, բայց Արաբատն ու Նիկոլը, կարելի է չկասկածել, մեծապես կջանան

Հ.Գ.- ԶԼՄ-ներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ СОР29-ի ընթացքում Բաքվում կարող է ստորագրվել «խաղաղության պայմանագիրը»: Մեր կարծիքով՝ դա քիչ հավանական է, սակայն ամեն դեպքում թեման արժանի է առանձին խոսակցության։