Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ. ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԳԵՐԲՆԱԿԱՆ ԲԱՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի գործընթացները կարևոր են Հայաստանի համար, կարևորն այն է, թե ինչպես կզարգանա քաղաքականությունը Վրաստանում։ News.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

 

Նա հիշեցրել է, որ Հայաստանից արտահանվող և երկիր ներմուծվող ապրաքների մոտ 70%-ն անցնում է Վրաստանի տարածքով:

«Ես իրականում չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ գերբնական բան տեղի կունենա: Վրաստանի այս ընտրություններում առանձնապես զարմանալի ոչինչ չեմ տեսնում. այնտեղ իրավիճակը ընտրություններից առաջ էլ միանգամայն ակնառու էր։ Վերլուծաբանները գուցե կասկածում էին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կոնկրետ քանի տոկոս կհավաքի, բայց շատերը վստահ էին, որ այն կկարողանա ավելի շատ ձայներ հավաքել, քան ընդդիմությունը»,- նշել է նա։

Ըստ նրա՝ քաղաքականության մեջ, առհասարակ, շատ կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն տեղի ունեցողին, այլև նրան, ինչը տեղի չի ունենում։

««Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է 2012 թվականից ի վեր՝ երբեմն դժվարությամբ, ամենատարբեր խնդիրներով, բայց հաղթում է: Այս ֆոնին ընդդիմությունն ի վիճակի չեղավ միավորվել։

Հասկանալի է՝ ինչու էին Իվանիշվիլիի նախաձեռնած այդ բոլոր օրենքները (օտարերկրյա գործակալների մասին օրենքը-խմբ.) ընտրություններից առաջ ընդունվում՝ ընդդիմությանը նախապես կոտրելու նպատակով։ Իհարկե, վարչական ռեսուրս էլ է կիրառվել, բայց այն սարսափները, որոնք հիմա նկարագրում են ընդդիմադիրները, հազիվ թե լուրջ ազդեցություն թողած լինեն ընտրությունների արդյունքների վրա»,-նշել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ ընդդիմության հաղթանակ ակնկալելը, առավել ևս՝ ջախջախիչ հաղթանակ, իրականության հետ այնքան էլ աղերս չուներ։

«Այս ընտրությունները 90%-ով Վրաստանի ներքին ընտրություններ են, սա Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքար չէ Վրաստանի դաշտում, սա պայքար է Վրաստանի ներսում՝ հասարակության տարբեր խմբերի միջև։

Վրաստանում, գոնե միջնաժամկետ հեռանկարում, արևմտամետ կողմնորոշումից հեռանալն անհնար է։ Նույնիսկ իշխանություններն են ասում, որ պատրաստ կլինեն անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը։ Պատկերացնել, որ Վրաստանում կլինեն բացահայտ, բուռն ռուսամետ տրամադրություններ, գործնականում անհնար է»,- նշել է փորձագետը։

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ ընդդիմության՝ փողոցում հաջողության հասնելը կախված կլինի մի քանի գործոններից:

«Ես չգիտեմ, թե մարդկանց փողոց դուրս որքան ներուժ ունի ընդդիմությունը: Երբ խոսքը հանրահավաքի, ցույցերի կամ քաղաքական գործունեության մասին է, կարևոր է, թե ինչ կմտածեն Թբիլիսիի բնակիչները և ինչպես դրանց կմասնակցեն։ Գունավոր հեղափոխությունները սովորաբար տեղի են ունենում մայրաքաղաքներում։ Կարևոր է նաև, թե որքան մոտիվացված է ոստիկանությունը և որքանով են պատրաստ իշխանությունները օգտագործել այդ ոստիկանությանը:

Երկրորդ հարցը՝ որքա՞ն գումար ունի ընդդիմությունը երկարատև հանրահավաքներ կազմակերպելու համար։ Որքան հասկացա՝ իշխանությունները կտրեցին Արևմուտքից լուրջ գումարներ ստանալու` ընդդիմության համար բոլոր հնարավորությունները։

Ինձ չի թվում, թե ընդդիմությունը հեղափոխություն անելու համար բավականաչափ ներուժ ունի, բայց այն բավական կլինի հանրահավաքներ անելու համար, ընդ որում՝ բավականին լուրջ հանրահավաքներ»,- հավելել է քաղաքագետը։

Իսկանդարյանի համոզմամբ՝ խաղադրույքներն այժմ այնքան բարձր չեն արևմտյան ուժային կենտրոնների համար, որպեսզի միասնական ճակատով այժմ ամեն կերպ աջակցեն իշխանափոխությանը Վրաստանում։

«Վրաստանն Արևմուտքի համար կենսական նշանակություն չունի։ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու իրական հեռանկար չկար էլ, հիմա էլ չկա։ Վրաստանի ներսում ողջ բանավեճը մի հարցի շուրջ է՝ մեզ ինչ-որ մեդա՞լ է պետք, թե մեր խնդիրների լուծում, մենք զարգացնելո՞ւ ենք մեր երկիրը, թե գնալու ենք ինչ-որ ուղղությամբ՝ կորցնելով ամեն ինչ և, պատկերավոր ասած, կտրելով մեր ձեռքն ու ոտքը։ Երկրորդ բանավեճը հանգում է նրան, որ պետք է արևմտյան հանրության մաս դառնալ։ Տրամաբանական այս երկու դատողությունների բախումն էլ տեղի է ունենում Վրաստանում»,- ընդգծել է Իսկանդրյանը։

News.am