Վրաստանում ավարտվել է բողոքի ակցիան ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան ավարտվել է Եվրամիության և Վրաստանի օրհներգերով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Հանրահավաքի մասնակիցները հեռանում են, իսկ Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը դեռևս սահմանափակ է։

«Մենք նորից կգանք» և «Իշխանությունը ժողովրդին» գրությունները ցուցարարները լազերի օգնությամբ ցուցադրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի վրա։

Ակցիայի բանախոսներն էին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նաև չորս հիմնական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների առաջնորդները։ Զուրաբիշվիլին կոչ է արել հետաքննելու կեղծիքները։ Ընդդիմությունը պահանջում է կրկնել խորհրդարանական ընտրությունները միջազգային ընտրական վարչության ղեկավարությամբ։ Բոլոր չորս կուսակցությունները նաև հաստատել են, որ մտադիր չեն մտնել խորհրդարան և կհրաժարվեն մանդատներից։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 53,93 տոկոսը, ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ն՝ 11,04%, «Միասնություն՝ ազգային շարժում»-ը՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,8%, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 7,8%։

Զուրաբիշվիլին վերջին խորհրդարանական ընտրություններն անվանել է տոտալ կեղծիք և «ռուսական հատուկ գործողություն»։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կոչ են արել լիարժեք հետաքննելու Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

News.am