Պաշտպանության նախարար․ Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են

Իսրայելական հարվածներից Իրանի կրած վնասներն աննշան են։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է IRNA-ն։

«Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով մեզ հասցված վնասներն աննշան են, և արդեն լրացել ու փոխարինել ենք անհրաժեշտ ամեն ինչով՝ օգտագործելով մեր գիտելիքներն ու կարողությունները», - ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է բոլոր միջազգային օրենքները, որոնք ստեղծվել են Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության ապահովման համար:

Ավելի վաղ Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածները դատապարտել էր Հայաստանի ԱԳՆ-ն:

Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների, հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածել է Իրանում ռազմական օբյեկտներին: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգով, որոշ տեղերի հասցվել է սահմանափակ վնաս: Հարձակման հետևանքով զոհվել է 4 իրանցի զինվորական։

Sputnik Արմենիա