Պեսկով․ Կրեմլը մտահոգված է Վրաստանի հասցեին ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ներկայացրած վերջնագրերով
Կրեմլը մտահոգված է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վերջնագրեր են պարունակում վրացական իշխանությունների հասցեին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չենք միջամտում, սակայն մտահոգված ենք, որ ԵՄ երկրները և Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ իրենց պաշտոնական հայտարարություններում վերջնագրեր են ներկայացրել Վրաստանի ներկայիս ղեկավարությանը։ Իսկ մնացածը Վրաստանի իրավապահ մարմինների խնդիրն է» – ասել է Պեսկովը` ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Վրաստանում իրավիճակի ապակայունացման ռիսկերը՝ ընդհուպ մինչև նոր հեղափոխություն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93%-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ հավաքելով ընդհանուր 37,78%:
Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում ԿԸՀ–ի արդյունքները։ ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը նշել է ընտրությունների բարձր կազմակերպվածությունը՝ նշելով, սակայն, դիտորդների կողմից արձանագրված որոշ խախտումներ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, չնայած պետության ղեկավարի կուսակցական անդամակցության սահմանադրական արգելքին, կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել ընտրությունների արդյունքների դեմ։
Ավելի վաղ տարածաշրջանի պաշտոնական աղբյուրները հայտնել էին Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու` Արևմուտքի փորձերի մասին. պնդում են, որ Ուկրաինայում վերապատրաստված դիպուկահարներ են ուղարկվում երկիր՝ սադրանքներ կազմակերպելու համար։
Sputnik Արմենիա