Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հորդորել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, համաձայն կազմակերպության կանոնադրության 7-րդ հոդվածի, պետք է միջոցներ ձեռնարկի և պատժամիջոցներ սահմանի Իսրայելի դեմ՝ պատերազմը շարունակելու և Գազայի հատվածում ու Լիբանանում արյունահեղություն իրականացնելու համար: Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական արկածախնդրության շարունակությունն անվտանգության սպառնալիք է ստեղծում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է մի շարք երկրների հետ բանակցել Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու շուրջ:

Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին:

Իրանն իր հերթին հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով` Իրանը իսրայելական հարվածների հետևանքով աննշան վնաս է կրել։

Ըստ իրանական լրատվամիջոցների` Իսրայելի հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։

Sputnik Արմենիա