Իրանը չի շտապի պատասխանել Իսրայելի հարվածներին. ԱԳ նախարարը՝ օտարերկրյա դեսպաններին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը չի շտապի պատասխանել Իսրայելի հարվածներին:
Նրա խոսքով՝ իրավիճակի ապաէսկալացման հարցը հանրային պահանջ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով՝ լայնամասշտաբ պատերազմի առաջացման հավանականության պատճառով: Իրանցի նախարարն ընդգծել է, որ միակ լուծումը Իսրայելի ագրեսիվ քաղաքականության և դաժան հարձակումների կանխումն է:
ԱԳ նախարարը նշել է, որ Իսլամական Հանրապետությունը ո՛չ վարանելու է, ո՛չ էլ շտապելու է պատասխանել Իսրայելի վերջին հարվածներին:
«Մենք դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ագրեսիան և մեզ պատասխան տալու իրավունք ենք վերապահում: Ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում մեր երկրի տարածք, և մեզ համար միանգամայն բնական է իր ժամանակին արձագանքելը», - ասել է Արաղչին:
Իսրայելական ագրեսիան չդատապարտելու համար Արաղչին քննադատել է եվրոպական երկրներին՝ նշելով, որ արևմտյան երկրները հաճախ հիշում են միջազգային իրավունքի մասին միայն այն ժամանակ, երբ դա բխում է իրենց շահերից՝ պարբերաբար անտեսելով մյուս դեպքերը և կիրառելով երկակի ստանդարտներ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենքի մատակարարման էմբարգո սահմանելու շուրջ:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին:
Իրանն իր հերթին հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի խոսքով` Իրանը իսրայելական հարվածների հետևանքով աննշան վնաս է կրել։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իսրայելի հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական է զոհվել։
Sputnik Արմենիա