«Սա կարելի է դասել փնթի կարված գործերի շարքին, որով դատական իշխանությանը կրակն են գցել»․ Ավետիք Չալաբյանի փաստաբան
«Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի վերաբերյալ առաջին ատյանի կողմից կայացված դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել ու ուղարկել է նոր քննության։ Հրավիրված մամուլի ասուլիսին Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը հետաքրքիր արձանագրումներ էր արել քրեական գործի վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանը մեծամասամբ համաձայնել է պաշտպանական կողմի պնդումների հետ․
«Մենք դեռևս առաջին ատյանի դատարանում էինք ասում, որ համացանցում հրապարակված ձայնագրությունն անթույլատրելի ապացույց է։ Վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որ մեր այն պնդումը, որ պետք է պարտադիր «Մեդիանյուզ» կայքի աշխատակազմը, տնօրենությունը հրավիրվեր հարցաքննության, պարզելու համար ձայնագրության աղբյուրը, խիստ առանցքային և անկյունաքարային նշանակություն ունի այդ ապացույցի թույլատրելիությունը գնահատելու տեսանկյունից։ Քանի դեռ դա չի արվել, հնարավոր չէ պնդել, որ այդ ձայնագրությունը իրավաչափ ապացույց է։
Բացառում եմ, որ «Մեդիանյուզ» կայքից որևէ մեկին իրենք գտնելու են ու կարողանալու են դատարան բերել, որ այդ անձն էլ գա ու աղբյուր բացահայտի։ Մեր խորին համոզմամբ՝ այդ աղբյուրը հատուկ ծառայությունների կողմից իրականացված ձայնագրություն է, որը դարձել է պրակտիկա, առանց դատարանի սանկցիայի ձայնագրում եմ մարդկանց, տալիս են ինչ-որ ֆեյք լրատվամիջոցի, նա էլ մոնտաժում է այնպես, որ ունկդիրը այդ ձայնագրությունը հասկանա այնպես, ինչպես ձեռնտու է իշխանություններին, որի հիման վրա էլ գործ հարուցվի»։
Փաստաբանն ասաց, որ դատարանը համաձայնել է, որ այդ կայքում զետեղված ձայնագրությունը մոնտաժված է։
«Էմմա Սարգսյանն ու Ավետիք Չալաբյանը չեն առերեսվել։ Էմմա Սարգսյանը չեկավ դատարան և ցուցմունք չտվեց, և Ավետիք Չալաբյանը չունեցավ հնարավորություն նրան հարցեր տալու։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Էմմա Սարգսյանը չգալով դատարան իր լռելու իրավունքն է իրացրել։ Եթե Էմմա Սարգսյանը մի բան է ասում, սակայն Ավետիք Չալաբյանն այլ բան է ասում, և Էմմա Սարգսյանը չի գալիս պատասխանելու հարցերին, ուստի վարույթն իրականացնող մարմինը այդ իրավիճակը պետք է մեկնաբանի այն տրամաբանությամբ, որ Ավետիք Չալաբյանի ցուցմունքները ճիշտ են»,- ասաց Հարությունյանը։
Վարազդատ Հարությունյանն ասաց, որ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է նաև, որ գործով քննիչը քողարկված քննչական գործողություն է իրականացրել մեղադրյալ Էմմա Սարգսյանի հետ՝ առանց ապահովելու նրա պաշտպանի ներկայությունը։
«Սա կարելի է դասել փնթի կարված գործերի շարքին, որով դատական իշխանությանը կրակն են գցել։ Եթե դա չլիներ քաղաքական բաղադրիչով քրեական գործ, հենց առաջին ատյանի դատարանում և հենց Մնացական Մարտիրոսյանը կհռչակեր Ավետիք Չալաբյանի անմեղությունը»,- հավելեց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանը թեև հաստատել է՝ մեղադրելու փաստեր չկան, բայց Ավետիք Չալաբյանին չի արդարացրել․
«Պաշտպանական կողմն, այնուամենայնիվ, այս պահին դիտարակում է այս դատական ակտի դեմ բողոքարկել Վճռաբեկ դատարանում՝ հաշվի առնելով այս արձանագրումը, որ եթե մարդուն մեղադրելու փաստեր չկան և իրավաչափված ապացույցներ չկան, երևի թե ճիշտ կլինի որ գործի սկզբունքը և Ավետիք Չալաբյանն արդարացվի»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am