«ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Թե ինչ է իրենից ներկայացնում «ինքնիշխանությունը» փաշինյանական ձևով, ակնառու կերպով ցույց տվեցին Կազանում արված կադրերը, որտեղ գերազանց երևում է, թե ինչպես է Իլհամ Ալիևը հրահանգներ տալիս Բայրամովին, Փաշինյանին ու Միրզոյանին՝ Փաշինյանի հետ իր հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։

Ասենք, վաղուց արդեն հասկանալի է, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ խոսում է Հայաստանի «ինքնիշխանության» համար իր պայքարի մասին. Մոսկվայի դերի թուլացում տարածաշրջանում։ Իսկ այն, որ օրհնած տեղը դատարկ չի մնում, և որքան ավելի Մոսկվան հեռանա Հայաստանից, այնքան ավելի նկատելի կլինի, թե ինչպես են նրա դիրքերը փոխարինում Բաքուն ու Անկարան, այլ ոչ թե տխրահռչակ Արևմուտքը, Փաշինյանի համար երկրորդական է։

Համենայնդեպս երկրորդական էր մինչև վերջերս, երբ նա հանկարծ հասկացավ, որ Արևմուտքի հետ կապված հույսերը երևութական են, և բացի փողից՝ այլ լուրջ աջակցություն չի տեսնելու, ու պետք չէ չափազանց մոլեգին զայրացնել Մոսկվային, որը գնալով ավելի հաստատակամորեն է պաշտպանում իր դիրքերը միջազգային ասպարեզում։

Վերադառնանք Կազանում Փաշինյանի և Ալիևի բանակցություններին։ Ակնհայտ է, որ կան պայմանավորվածություններ, որոնց մասին մենք շուտով կիմանանք։ Այդ պայմանավորվածությունները կապված են Արցախում իր գործողությունների «լեգիտիմությունն» ամրագրելու Բաքվի ցանկության հետ, որոնք հանգեցրին հայաբնակ երկրամասի էթնիկ զտմանը։ Եվ նման «լեգիտիմության» լավագույն վկայությունը կլինի հայկական պատվիրակության ներկայությունը  Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։ Ենթադրվում է, որ այնտեղ կգնա Արարատ Միրզոյանն ու իր ներկայությամբ կհաստատի. Երևանը ոչ մի դժգոհություն չունի Բաքվի նկատմամբ։

Դե, իսկ ի պատասխան՝ Ալիևը մարդասիրական քայլ կանի, կազատագրի ևս մի քանի ռազմագերիների, ոչ բոլորին, իհարկե, և ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանի բռնազավթած Շուշի Էրդողան զույգի առաջին այցի ժամանակ Էրդողանի կնոջ տված խորհրդի համաձայն. «ազատ արձակել ոչ թե միանգամից բոլորին, այլ մաս-մաս»:

Չի բացառվում նաև այլ՝ ավելի ծանրակշիռ պայմանավորվածությունների առկայությունը, որոնց մասին հեռացող Բայդենը գրել է Փաշինյանին ու Ալիևին։ Երկրորդ տարբերակը կարող է այսպիսին լինել. եթե Երևանը լուրջ զիջումներ անի Բաքվին Սյունիքով ադրբեջանական տարանցման հարցում՝ թեթևացված ռեժիմի կամ արտատարածքային այլ տարրերի տեսքով, ապա չի բացառվում, որ Ալիևը հետ վերցնի Հայաստանի Սահմանադրության փոփոխման իր պահանջը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրում և համաձայնվի մի փոքր սպասել։

Նման պայմանավորվածությունների առկայության դեպքում Միրզոյանն ու Բայրամովը Բաքվում կհայտարարեն, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, և չի բացառվում, որ համաշխարհային առաջնորդների և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայությամբ նույնիսկ տեղի ունենա նախնական ստորագրման արարողություն։ Դե, Ալիևի համար էլ լիակատար հաղթանակ կլիներ, եթե Փաշինյանն անձամբ մեկներ Բաքու՝ ստորագրելու այնպիսի պայմանագիր, որը վերջակետ կդնի Ադրբեջանի կողմից Արցախի զավթման «լեգիտիմության» հարցում։

Այո, այդ դեպքում Հայաստանում բողոքի նոր ալիք կբարձրանա, չի բացառվում, որ ընդդիմությունն իրեն ավելի վճռական պահի և վայր դնի մանդատները։ Բայց դժվար թե դրանից Փաշինյանը սաստիկ վշտանա։ Ավելի շուտ՝ հակառակը. հաճույքով կրկին կկազմակերպի արտահերթ ընտրություններ, ինչը ենթադրում է քարոզարշավի ավելի կարճ ժամկետ, իսկ դա առավելություն է տալիս ռեսուրսներն ավելի արագ կոնսոլիդացնող իշխանությանը։

Դե, իսկ ընտրությունների ժամանակ Փաշինյանն արդեն կվազվզի ոչ թե չագուճով, այլ «Խաղաղության պայմանագիր» անվանյալ թղթով և կշանտաժի, որ եթե իր թիմը պարտվի ընտրություններում, ապա Ալիևը պատերազմ կսկսի։ Միանգամայն իրական սցենար է, նույնիսկ եթե այդ ժամանակ Ուկրաինայում հակամարտությունը թուլացած լինի, և աշխարհում սկսվի որոշակի կայունության փուլ՝ որպես ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հնարավոր հաղթանակի հետևանք։

Դե, իսկ եթե արտահերթ ընտրություններում կրկին հաղթի Փաշինյանը, ապա Ալիևը որոշ ժամանակ կսպասի, մինչև Փաշինյանն իր տեղը պնդի, փոխի Սահմանադրությունը, վերջնականապես դուրս գա ՀԱՊԿ-ից՝ իր «ինքնիշխանության» համար պայքարի արդյունքում, իսկ հետո պահանջների նոր փաթեթ կներկայացնի Երևանին։

Ընդհանուր առմամբ, այսօրվա «խաղաղ» գործընթացները կարող են որոշակի կայունություն ապահովել Հայաստանի սահմաններին մոտավորապես 3-6 ամիս ժամկետով, ոչ ավելի։

Ընդ որում, անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նոյեմբերի 5-ի ընտրություններում՝ Քամալա Հարիսը, որը մարմնավորում է ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանություն պահանջող ագրեսիվ աշխարհայացքը, թե Թրամփը, որը մարմնավորում է պահպանողական, իր գլոբալ հավակնություններում ավելի զուսպ, այլ երկրներից անվերապահ հնազանդություն չպահանջող աշխարհայացք։

Երևանին Ալիևի ներկայացրած պահանջների փաթեթը ԱՄՆ ընտրությունների արդյունքներից կախված չէ. այն համալրվելու է ցանկացած պարագայում: Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է ներկայիս քաղաքական թիմը։