ՀԵՐՈՍԻ ՓՈՂՈՑՆ ՈՒ ՔԱՅԼՈՂ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ…

Հայաստանի մարզերում որոշակի ժամանակից ի վեր ընդունված երևույթ են դարձել քաղաքային և գյուղական համայնքների անվանումներով անգլերեն ցուցանակները՝ կողքին սրտիկով: Հայրենի վայրերի նկատմամբ սիրո այդ խոստովանությունները կարելի է տեսնել ամենուր: Ոչ այնքան վաղուց նման ցուցանակ էր տեղադրվել Տավուշի մարզի Կիրանց համայնքի սահմանային պատի դիմաց։ 15 օր անց իշխանությունների հրահանգով ցուցանակը հանել են։

Ըստ բնակիչների վարկածի՝ Կիրանց համայնքի նկատմամբ սիրո խոստովանությանը դեմ են հանդես եկել սահմանի հակառակ կողմից, ինչից հետևում է, որ ինչ-որ մեկին խիստ նյարդայնացնում է հայերի սերն այն գյուղի նկատմամբ, որի մի մասը, հիշեցնեմ, գարնանը հանձնվեց Ադրբեջանին՝ սահմանազատման պատրվակով։ Նույնպիսի ցուցանակ է առգրավվել նաև նույն մարզի Աչաջուր համայնքում:

Տեղի իշխանություններն ի արդարացում հայտարարեցին, թե սիրո խոստովանությամբ ցուցանակները տեղադրվել են ապօրինի։ Տավուշի բնակիչներն այդ առնչությամբ հարց ուղղեցին մարզպետ Հայկ Ղալումյանին. ի՞նչ հիմնավորմամբ է Իջևանում եկեղեցու պատի մոտ տեղադրված քայլող Նիկոլ Փաշինյանի արձանը: Այդ հուշարձանի պատմությունը մենք պատմել ենք բազմիցս, այն պարբերաբար ենթարկվել է հարձակումների. սկզբում կտրել էին գլուխը, հետո կոտրել ձեռքերն ու քիթը։ Վերանորոգման աշխատանքները կատարվել են բացառապես տեղական բյուջեի հաշվին։ Այդ ժամանակից ի վեր արձանը տեսախցիկներով հսկվում է բոլոր դիտանկյուններից. ասենք, եկեղեցու հարևանությամբ գտնվելն էլ առանձնապես չի տրամադրում վանդալիզմի:

Եկեղեցու տարածքում արձանի գտնվելու օրինականության մասին մարզպետը ոչինչ չասաց (արվեստի գործ կոչվելու դա ակնհայտորեն չի ձգում), փոխարենը միանգամից մեկնաբանեց Իջևանում Հայկ Ղալումյանի անվան փողոցի առկայության փաստը:

Մարզպետ Ղալումյանի խոսքերով՝ փողոցն անվանակոչվել է իր ազգականի պատվին, որը ոստիկան է եղել: Ոստիկան Հայկ Ղալումյանը վնասազերծել է ավազակին, որը նռնակը ձեռքին սպառնացել է մի կնոջ ու երեխայի։ Փորձել է նետել նռնակը նրանց ուղղությամբ, սակայն ոստիկանը իրենով փակել է կնոջն ու երեխային և, փրկելով նրանց, զոհվել է։