ՆՐԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ: ԲԱՔՎԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՈՂՋ ԱԶԳԻ ԴԵՄ

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումը խթանեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շարժումը: Մարդկության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես ամրագրվեցին քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնական իրավունքները, որոնք պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր մարդու: Ավելին, հռչակագիրը ժողովուրդների և պետությունների առջև դրեց կոնկրետ խնդիր, «որի իրականացմանը պետք է ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները»։ Ժամանակի ընթացքում այդ իրավունքները ճանաչվեցին լայն հասարակայնության կողմից որպես հիմնական նորմեր, որոնք պետք է պահպանի և պաշտպանի յուրաքանչյուր ոք... Սակայն այդ ամենը զարմանալիորեն երբեք գործնականում չի վերաբերել և այսօր անփոփոխ շրջանցում է Ադրբեջանին. փորձագետների գնահատամամբ՝ Եվրոպայի ամենից ավատորիտար երկրին և, ըստ էության, ինչպես նշում են դիտորդները՝ ֆաշիստական ավտոկրատիային։

Ինչպես պնդում են ՀՀ իշխանավորները, հայկական կողմը հրաժարվել է արգելափակել COP29 կլիմայական գագաթնաժողով անցկացնելու Ադրբեջանի հայտը՝ հուսալով, թե Բաքվի ռեժիմը, ի պատասխան բարի կամքի ժեստի, կառուցողական մոտեցում կցուցաբերի և կդադարեցնի իր ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ազատ կարձակի արդեն երկար ժամանակ ապօրինի պահվող հայ գերիներին և դուրս կբերի իր զորքերը ՀՀ օկուպացված ինքնիշխան տարածքներից: Սակայն իրեն քաղաքակրթությունից և քաղաքակիրթ աշխարհից դուրս դրած ալիևյան ռեժիմը միանգամայն կանխատեսելիորեն լոկ ուժգնացրեց այլատյացության, սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունը։ Եվ դրանում իրենց մեղքի զգալի բաժինն ունեն տեսականորեն հեղինակավոր, իսկ իրականում ձևականորեն գոյություն ունեցող, անսկզբունքային, անողնաշար միջազգային կառույցները։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը COP29-ի անցկացման վայր ընտրվեց 2023 թվականի դեկտեմբերին, այսինքն երեք ամիս էլ չանցած այն բանից, երբ այդ ցեղասպան կեղծ պետությունը էթնիկ զտումներ կազմակերպեց Լեռնային Ղարաբաղում՝ մինչ այդ էլ ավելի քան ինը ամիս շարունակ տոտալ շրջափակման-պաշարման մեջ պահելով հայկական երկրամասի բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների։ Այլ կերպ ասած, մարդկության դեմ հանցագործությունների համար պատժվելու փոխարեն՝ Ադրբեջանը (որի տնտեսության 90%-ը կախված է նավթից ու գազից, իսկ պետական էներգետիկ ու արդյունահանող ոլորտները լիովին ներծծված են կոռուպցիայով) փաստացի խրախուսվեց՝ համաշխարհային մասշտաբի միջոցառում անցկացնելու իրավունքի շնորհման տեսքով։ Բնականաբար, որպես COP29-ին ընդունող կողմ Ադրբեջանին ընտրելը Ալիևը գնահատեց որպես հավանություն իր ցեղասպան քաղաքականությանը և է՛լ ավելի խստացրեց սեփական ցինիկ ագրեսիվ հռետորաբանությունը ոչ միայն հայերի, այլև եվրոպական այն կառույցների ու գործիչների հասցեին, որոնք իրենց մասնագիտական ու մարդկային պարտքն են համարում կարգի հրավիրել օրեցօր լկտիացող բռնապետին...

Մինչդեռ Բաքվի զնդաններում շարունակում են ապօրինաբար պահվել և խոշտանգումների ենթարկվել հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք, այդ թվում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ԼՂՀ ղեկավարները, կառավարության անդամները, բարձրաստիճան զինվորականները։

Դժվար չէ պատկերացնել, թե վիրավորանքի, մենություն ու լքվածության ինչպիսի տանջալից զգացում են ապրում արդեն ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող դավաճանված և ողջ աշխարհի աչքի առաջ հոշոտված Արցախի նախկին առաջնորդները, իմանալով, որ ճաղերից այն կողմ, մոտակայքում ինչ-որ տեղ հավաքվելու են «աշխարհի հզորները»՝ ժանտախտի ժամանակ խնջույքի,  և գովաբանելու են բռնապետին «ջերմ ընդունելության» ու համեղ սև խավիարի համար, մի բառով անգամ  չհիշատակելով իրենց՝ խղճի կալանավորներին և հիվանդ աշխարհի զոհերին։ Բայց ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով են պիտի բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրվող մերժյալներ դառնան այդ մարդիկ, որոնց հետ դեռ վերջերս հաշվի էին նստում օտարազգի բազմաթիվ երևելի գործիչներ և պատիվ էին համարում սեղմել նրանց ձեռքը (այդ թվում, հավանաբար, COP29-ին մասնակցելու մեկնող անկշտում խավիարակերները)

Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Բաքվի բանտերում ապօրինի պահվող ԼՂՀ նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը հայրենասեր քաղաքացի էր և հետևողական քաղաքական գործիչ։ Նրանք բոլորը՝ յուրաքանչյուրն իր պաշտոնում, հայրենակիցների հետ կողք-կողքի մինչև վերջ պայքարել են գիշատիչների կողմից պաշարված Արցախում, արդյունքում ժողովրդի հետ կիսելով ոչ միայն Հայրենիքի կորստի ընդհանուր ողբերգությունը, այլև զրկվելով անձնական ազատությունից։ Բայց այդուհանդերձ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ է մնացել ինքն իրեն, չի դավաճանել սեփական սկզբունքներին՝ ինչպես քաղաքական գործչի, այնպես էլ պարզապես մարդու, անհատի։ Նրանք իրենց ուժերի ներածի չափով փորձում էին փրկել, շտկել ծանր իրավիճակը Բաքվի ռեժիմի կողմից մշտապես տեռորի ենթարկվող և գործող հայկական իշխանությունների կողմից դավաճանված Արցախում։ Իհարկե, այդ մարդիկ էլ կատարյալ չեն եղել, սխալներ ու վրիպումներ են ունեցել՝ բոլոր մահկանացուների պես, սակայն աշխարհը նրանց ճանաչում է որպես հայ ժողովրդի առաջնորդներ, և նրանց ծանր հանցագործությունների մեջ մեղադրելու փորձերն ուղղված են ողջ ազգի դեմ: Ամեն դեպքում, Բաքվի հանցավոր ռեժիմն ու իր բեմադրված դատավարությունը չէ, որ պիտի հանդես գան նրանց դեմ մեղադրանքներով և անհեթեթ դատավճիռներ կայացնեն։

Արցախի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարների գերեվարումն ու Բաքվի «օրենքներով» դատապարտումն Ալիևի համար ոչ միայն մոլի սևեռուն գաղափար է և գերաճած քաղաքական հավակնությունների ու անձնական և ընտանեկան բարդույթների բավարարման առարկա, այլև կարևորագույն քայլերից մեկը հայոց պետականության կործանման և տվյալ ոլորտում նրա հաջողության խորհրդանիշների ոչնչացման ուղղությամբ, երկար տարիներ բոլոր ճակատներում հայ ազգի հաղթանակների բանաձև ու գրավական հանդիսացող Հայաստան-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնության գաղափարի պսակազերծման փորձ:

Տեղի ունեցած ամենում, իհարկե, մեղքի զգալի բաժին ունի հենց հայ հասարակայնությունը։ Ընդհանրապես ազգային շահերի և մասնավորապես Արցախի առաջնորդներին ադրբեջանական գերությունից ազատելու և իշխանությունների վրա համապատասխան ճնշում գործադրելու գաղափարի շուրջ իրական համախմբման բացակայությունը վկայում է հասարակության պառակտվածության և ապակողմնորոշվածության մասին։ Արցախի նախկին ղեկավարների վերադարձն իր ժողովրդի գիրկը պետք է դառնա յուրաքանչյուր նորմալ հայի և ողջ ազգի պատվի խնդիր, աշխարհի յուրաքանչյուր պարկեշտ, սրտացավ մարդու խղճի հարց:

Ալիևյան հակահայկական կործանարար ծրագրերին հակազդելու գործում առանձնակի ակտիվություն պետք է ցուցաբերեն հենց Արցախի իշխանությունները, որոնք պիտի գործով ապացուցեն և ցույց տան, որ իրենք ո՛չ լուծարված են, ո՛չ էլ կազմալուծված, այլ հակառակը, գործունակ են և առլեցուն ժողովրդի, նրա առաջնորդների ու ամեն մի քաղաքացու հիմնական իրավունքների համար պայքարելու կամքով:

Միևնույն ժամանակ, Արցախի առաջնորդներին գերության մեջ պահելն ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը նոր ցեղասպանություն թույլ տվեց քսանմեկերորդ դարում և ոչ միայն չի փորձում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին ու կատարողներին, այլև թույլ է տալիս թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմին այսուհետ ևս անպատիժ ոտնահարել համամարդկային նորմերը և նոր հանցագործություններ կատարել հայ ժողովրդի, մարդկության և մարդկայնության դեմ:

Չնայած միջազգային հումանիտար իրավունքում համապատասխան իրավական մեխանիզմների առկայությանը, գործնականում վերջիններս չեն ապահովում գերիների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։ ՄԻԵԴ-ում և Հաագայի միջազգային դատարանում ավելի վաղ որոշումներ են կայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով: Սակայն առայժմ դա որևէ գործնական արդյունք չի տվել։ Ստացվում է, որ Բաքվի իշխող ռեժիմի համար օրենք գոյություն չունի՞, և Ադրբեջանը ջրից չոր է դուրս գալիս ամեն հարցում:

Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի մի շարք կարևոր կոնվենցիաների, այդ թվում Ժնևի կոնվենցիայի անպատիժ անտեսումը ամոթ ու խայտառակություն է արդի քաղաքակրթության համար:

Առանց Բաքվի ավտորիտար ռեժիմի վրա կոշտ ու հետևողական ճնշման՝ գործը տեղից չի շարժվի, ոչինչ չի փոխվի։ Անհրաժեշտ է, ի վերջո, կոնկրետ պատժամիջոցներով ստիպել Ադրբեջանին հարգել միջազգային իրավական նորմերն ու մարդու հիմնարար իրավունքները։ Դրանից է կախված խաղաղությունն ու կայունությունը ողջ տարածաշրջանում և առհասարակ քաղաքակիրթ աշխարհակարգի ապագան։