ԲԱՔՎՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ COP-29 ՀԱՄԱԺՈՂՈՎԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

COP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։ Բաքվում COP-29 անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ կայացվել է Արևելյան Եվրոպայի խմբի երկրների միաձայն կարծիքի հիման վրա։ Ադրբեջանի հետ մեկտեղ COP-29-ը հյուրընկալելու իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Հայաստանն ու Բուլղարիան։ Ալիևի և Փաշինյանի գրասենյակների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարությամբ, Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Ոչ թե հոգուտ Բուլղարիայի, այլ հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ արևելաեվրոպական երկրները, հաշվի առնելով տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական որոշ հարցեր՝ որպես COP-29-ի անցկացման վայր, ավելի շուտ կնախընտրեին Երևանը՝ քան Բաքուն, եթե Երևանը համապատասխան դիվանագիտական աշխատանք տաներ:

Այնպես, որ COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արցախի վրա տեռորիստական հարձակումից և հազարամյա հայկական Արցախն ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելուց ուղիղ երկուսուկես ամիս հետո:

Բնականաբար COP-29 համաժողովը նավթագազային Ադրբեջանին պետք է, ոչ թե գլոբալ կլիմային ու «կանաչ» տնտեսությանը իրենց հավատարմությունը ցույց տալու, այլ  աշխարհի առջև Արցախի օկուպացիան ու հայաթափումը մարսելու համար: Երկու շավաթվա ընթացքում (2024թ. նոյեմբերի 11-ից 22-ը) Բաքուն սպասում է շուրջ 70 հազար միջազգային հյուրերի: Կասկածից վեր է, որ նրանցից շատերին տանելու են օկուպացված Արցախ, մեծ քարոզչական համաշխարհային շոու են կազմակերպելու, հակահայկական թեզեր են տարածելու, հայկական մշակույթն ու պատմությունը յուրացնելու խնդիրների են փորձելու լուծել և նմանատիպ այլ բաներ:

Տարբեր երկրների ղեկավարներ հերթով հայտարարում են իրենց մասնակցության կամ չմասնակցության մասին: Պաշտոնական Հայաստանից ծպտուն անգամ չկա, թե ի՞նչ է ակնկալում Բաքվում անցկացվելիք COP-29-ից, գնալու են, թե՞ ոչ: Կամ եթե գնալու են, ապա ի՞նչ օրակարգով են գնալու: Ի վերջո, միջոցառումը համաշխարհային մասշտաբներ ունի և ՄԱԿ-ի խոշոր կառույցներից մեկն է: Շատ լավ առիթ է, որպեսզի Բաքվում գտնվող, ապօրինի կալանավորված հայ գերիներն ու Արցախի ղեկավարությունը, միջազգային ծանրակշիռ հորդորներով ազատ արձակվեն: Այդ ամենի նախաձեռնողը, հայտարարություններով ու դիվանագիտական կոչերով հանդես եկողը պետք է լինի պաշտոնական Երևանը: Հատկապես, որ նման նվեր է տվել Ադրբեջանին:

Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար ու Ադրբեջանը կարողանար Բաքվից դեպի հայկական Շուշի կամ Ստեփանակերտ օտարերկրյա հյուրեր տանե՞ր: Արցախ գնացող միջազգային հյուրերը գնում էին միայն Երևանից, իսկ չգնացողները հայտարարում էին, որ ամբողջովին աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և հարգանքով են վերաբերվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

COP-29-ին մասնակցելու պատրվակով, եթե պաշտոնական Երևանից պատվիրակություն գնա Բաքու, կարծում եմ միակ ակնկալիք-խաբկանքը կլինի ինչ-որ թղթի կտոր նախաստորագրելը, որի հեռանկարն այս պահին չի երևում:

GOP-29-ը լավ առիթ է, որպեսզի Հայաստանից համապատասխան քաղաքական ուղղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ՝ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու նպատակով Բաքվին համապատասխան դիվանագիտական և քաղաքական պահանջներ ներկայացնելու համար: