ՀՀ կառավարությունը արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը
ՀՀ կառավարությունը տապալել է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը` ՀՀ քաղաքացիություն ունենալու արհեստական պահանջով և աջակցության շատ ցածր չափով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրին դիմողների թիվը, որ ընդամենը մոտ 30 ընտանիք է, վկայում է կառավարության ծրագրի ձախողման մասին։ Արդեն երկրորդ ձմեռն են այդ մարդիկ դիմավորում առանց կացարանի։ Եթե կառավարությունը մի ծրագիր է իրականացնում 100.000–ից ավելի անձանց համար, բայց դիմում է մի քանի տասնյակ մարդ, նշանակում է` ծրագրի հետ մի բան այն չէ։ 100.000 հոգուց 100-200 մարդու հնարավոր է ասել, որ դուք ինչ–որ սխալ փաստաթղթեր եք ներկայացրել, բայց հնարավոր չէ 110.000 մարդու մեղադրել ծրագրի շահառու չդառնալու համար»,–ասաց նա։
Առաքելյանն ընդգծեց, որ սերտիֆիկատներում նշված աջակցության չափը հեռու է նորմալ կացարան ունենալու ցանկությունից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը վստահ է, որ 3 մլն դրամ սերտիֆիկատով միջինը 3-4 հոգանոց ընտանիքը 10 մլն դրամով չի կարող նորմալ կացարան կառուցել կամ գնել։
«Հնարավոր է ինչ–որ գյուղերում 10 մլն դրամով ինչ–որ տուն գնել, բայց այդ տունը նորմալ ապրելու պիտանի չի լինի և պետք է վերականգնվի։ Իրավիճակն ավելի բարդ է միայնակ մարդկանց կամ ամուսինների համար, որոնք 1-2 հոգի են և 3 կամ 6 մլն դրամով ընդհանրապես չեն կարողանա որևէ գույք ձեռք բերել»,–ասաց նա։
Առաքելյանը վստահ է, որ եթե արցախցիները կարճ ժամանակում չկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրը, արտագաղթել պատրաստվողների թիվը կշատանա։
Նշենք, որ ավելի վաղ «Արցախ Միությունը» հրապարակել է զեկույց, որն անդրադառնում է բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության ծրագրին։ Զեկույցը վերլուծում է այս տարվա մայիսից իրականացվող ծրագրի հիմնական սկզբունքներն ու տեղեկացնում, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Ծրագրից օգտվելու համար վարկավորմանն առնչվող խոչընդոտներ ևս կան։