ԲԱՔՎՈՒՄ COP29-Ի ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԱԼԻևԻ ՌԵԺԻՄԻ և ՆՐԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄՆ Է. ԼՈՒԿԱՍ ՖՈՒՐԼԱՍ

«Ի սկզբանե Բաքվում COP29-ի անցկացման որոշումը միանգամայն սխալ էր։ Կարծես մենք օրինականացնենք Ադրբեջանի հանցագործությունները սեփական ժողովրդի, հայերի դեմ»,- Alpha News-ին ասել է Կիպրոսից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը։

Ըստ նրա՝ COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը սխալ է։

«Դա անելու և ռեժիմն օրինականացնելու փոխարեն ավելի լավ կլիներ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայերի և սեփական ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների, լրագրողների և Ալիևի հասցեին քննադատություն արտահայտող մարդկանց համար։

Մենք խոսում ենք բռնապետի մասին, մենք խոսում ենք ռեժիմի մասին, որին լիովին աջակցում են Թուրքիան և Էրդողանը, և Բաքվում մեր ներկայությամբ միայն արդարացնում ենք այդ ռեժիմի լեգիտիմությունը, ինչն ինձ համար շատ սխալ է։ Մենք չենք կարող առաջնահերթություն տալ բնական գազին՝ մարդկային կյանքերի, եվրոպական արժեքների և սկզբունքների դիմաց:

Եվրախորհրդարանում «Իրավիճակը Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ, հարաբերություններ Հայաստանի հետ» թեմայով բանավեճն ու բանաձևը յուրաքանչյուր քաղաքական կուսակցության ուժեղ ուղերձն է ադրբեջանական ռեժիմին։ Ես վստահ չեմ, որ Ալիևը լսել է այն, ինչ մենք ասել ենք, բայց մենք պետք է ինչ-որ բան անենք դրա հետ կապված, և ես կկրկնեմ ՝ պետք է պատժամիջոցներ սահմանենք, այլ ոչ թե օգտագործենք COP29-ի պատրվակն ու գնանք այնտեղ լեգիտիմացնելու ռեժիմը», — ասել է Ֆուրլասը: