ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից
ԼՂ–ից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակն է սահմանել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտան վարկավորել նաև միայնակ անժառանգ տարեցներին։
«Միայնակ անժառանգ տարեցների վարկավորումը ռիսկային է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ»,– ասված է որոշման մեջ։
Նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում նրանց մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։ Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։
Ի դեպ, այս տարվա հոկտեմբերի 15–ի դրությամբ դեռևս առկա են չիրացված հավաստագրեր, որոնցից մի քանիսը (առավելագույնը 10) պատկանում է միայնակ անժառանգ տարեցների։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին։
Այս ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ–ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
2022 թվականից մեկնարկած ծրագրով 2024–ի հոկտեմբերի 15–ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,947 շահառու, որից շուրջ 3332 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։