Գարեգին 2-րդը համամարդկային աղոթքի կոչ է անում հայ գերիների վերադարձի համար

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը։

«Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,- նշված է կաթողիկոսի ուղերձում։

Աղոթքը նախաձեռնել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին։

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։ Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ռ պրոֆ դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը։

ԵՀԽ-ն նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ հայ համայնքի հետ համագործակցաբար։

Նշենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։

Sputnik Արմենիա