Իսրայելը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ հայտնել է Իրանի օգտին լրտեսության համար ադրբեջանցիների ձերբակալման մասին

Իսրայելի ոստիկանությունը և Անվտանգության գլխավոր ծառայությունը մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարել են Ադրբեջանից իրանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով մարդկանց ձերբակալման մասին, հայտնում է NEWS.ru-ն։

Պարբերականի փոխանցմամբ՝ ձերբակալվել են Ռաֆայել և Լալա Գուլիևները, որոնց, ըստ հետաքննության տվյալների, հավաքագրել է ազգությամբ ադրբեջանցի Էլշան Աղաևը։ Ենթադրվում է, որ ձերբակալվածները հանձնարարություններ էին կատարում իրանական հետախուզական ծառայությունների, մասնավորապես՝ Իսրայելում պաշտպանական օբյեկտների մոնիթորինգի համար, ինչպես նաև տեղեկություններ էին հավաքել Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում (INSS) աշխատող գիտնականի մասին: Հոկտեմբերի 21-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր Ադրբեջանից ներգաղթածների գլխավորությամբ իրանցի գործակալների ձերբակալության մասին։ Գործով ձերբակալվել էր յոթ մարդ։

Armenia Today