Քյարամյան–Աղազարյան միջադեպի առնչությամբ դիմումը ՔԿ-ի կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է․ խոսնակ
Ազգային ժողովում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լեզվակռվի առնչությամբ Քննչական կոմիտեն դիմում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ այն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարել է, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատել ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է, թե այս երկրում չկա որևէ անձ, որը կարող է իր ասածների վերաբերյալ ռեպլիկներ բաց թողնել։ «Տղայական» խոսակցությունը ԱԺ լսումների ժամանակ թեժացել է այն պահին, երբ Քյարամյանը հայտարարել է, թե Հովիկ Աղազարյանի որդու վերաբերյալ քրգործով իրեն միջնորդել են։ Աղազարյանն էլ բորբոքված պահանջել է անուններ տալ։
Հատկանշական էր նաև այն, որ Աղազարյանն ու Քյարամյանը նստած էին կողք կողքի եւ մթնոլորտն այնքան էր լարվել, որ հնչեցին վիրավորանքներ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ստիպված էր մոտենալ ու հեռու տանել Քյարամյանին, որ բանը չհասնի բռունցքների:
Լուրեր Հայաստանից - NEWS.am