ՄԻՊ-ն ի վիճակի չէ մարդու իրավունքները պաշտպանել․ ՄԻՊ-ը հրաժարվեց լրագրողների ներկայությամբ հանդիպում ունենալ

ՄԻՊ գրասենյակը մատնված է անգործության կամ վախենում է որոշակի քայլեր ձեռնարկել, որովհետև դա իր հետ կբերի Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի զայրույթին։ Այս մասին ՄԻՊ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնելիս ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Իրենք ի վիճակի չեն մարդու իրավունքները պաշտպանել։ Մարդիկ օրեր շարունակ անազատության մեջ են գտնվել, ՄԻՊ-ի գրասենյակից մի հոգի գնացե՞լ է տեսնի՝ ոնց են մարդկանց բերման ենթարկել, խոշտանգել այդ մարդկանց, ձեռնաշղթաները հագցրել»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նրա պնդմամբ՝ ՄԻՊ գրասենյակը խուսափում է ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությունից։

«Հանրությունը պետք է տեսնի՝ ինչ է կատարվում Հայաստանում իրավական «բեսպրեդել» է։ Բոլոր կառույցները մատնված են անգործության»,- նշեց Դանիելյանը։

Նշենք, որ քաղաքացիները ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ վերջին ձերբակալությունների մասին ահազանգով։ Նրանք ցանկանում էին Անահիտ Մանասյանի հետ հանդիպել լրատվամիջոցների ներկայությամբ, սակայն Մանասյանը չի համաձայնվել, ինչի արդյունքում նրանց հանդիպումը չկայացավ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am