ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ԼՂ հայրենակիցների համար 2025-ից նախատեսվող ծրագրի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման մշակման գործընթացում հաշվի են առնվել ԼՂ հայրենակիցների հետ տարբեր ձևաչափերով կայացած հանդիպումները և դրանց շրջանակում ստացած առաջարկ-դիտարկումները։

Ըստ այդմ, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թ նախատեսվում է տրամադրել աջակցության ծրագիրը հետևյալ ձևաչափերով 2025 թ. հունվար-մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ՝ նույն շահառու խմբերի համար։ Գործող միջոցառման շրջանակում տրամադրվող 10,000 դրամ աջակցության բաղադրիչն այլևս չի շարունակվի։

2025 թ ապրիլ ամսվանից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և`

ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան,

63 և ավելի տարեկան են,

ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

մինչև 18 տարեկան երեխա են։

Այս դեպքում՝ սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝

2025 թ. ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40,000 դրամ,

2025 թ հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30,000 դրամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am