Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ԲԱՐՈՅԱԶՈՒՐԿ՝ ԵՐԻՏՀԱՅԵՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ, ԹԵ՞ ՆՐԱՆՑ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Իշխանական ոհմակը շարունակում է հանդես գալ ցնցող հայտարարություններով, և անում է դա սառնասրտորեն, վստահ և լիովին համոզված, որ այդ հայտարարությունները ոչ մի հետևանք չեն ունենա։ Արցախի հարցում վաղուց արդեն հատված են բոլոր կարմիր, ալ, բոսորագույն ու արյունոտ գծերը, հերթը հասել է ոչ միայն Ալիևի, այլև Էրդողանի պահանջները կատարելուն։ Դե, հո իզո՞ւր չէր Փաշինյանն այդքան դողդոջուն կրծքին սեղմում նվերը՝ Թուրքիայի նախագահի գրքույկը, հո իզո՞ւր չէր այդպիսի քծնանքով հալվել նրա կողքին երջանիկ ժպիտով։
Իսկ ի՞նչ կարող է պահանջել Թուրքիան Հայաստանից՝ այն բանից հետո, երբ հանձնված ու ամայացած է Արցախը, բռնազավթված է ՀՀ տարածքի մի մասը, սահմանազատում կոչեցյալ գործընթացն ընթանում է Բաքվի պատկերացումներին լիովին համապատասխան, իսկ հայ ժողովրդի անգնահատելի պատմամշակութային ժառանգությունն անպատիժ ու բարբարոսաբար ոչնչացվում է։ Ճիշտ է, հենց այն, ինչ պահանջում էր՝ հիստերիայի մեջ ընկած, ՀՀ անկախության 30 և ավելի տարիների ողջ ընթացքում, բայց ստանում երեք մատի կոմբինացիա. պահանջում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում և հարցի փոխադրում զուտ պատմական դաշտ։ Այսինքն՝ փաստացի մոռացում, հրաժարում Արևմտյան Հայաստանից և Ցեղասպանության իրականացման համար Թուրքիային մեղադրելուց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Ո՞վ է առավել համապատասխան թեկնածուն հակահայկական-թուրքական թեզը հնչեցնելու համար։ Իհարկե, Օմեգա մականունով նախկին թուրքական գործակալը, որի անունը ճակատագրի հեգնանքով Արարատ է, իսկ Թուրքիայում արհամարհանքով անվանում են Արաբատ։ Նա, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, եռանդագին ձգտում է մեկնել Բաքու՝ հերթական անգամ նսեմացնելու և դավաճանելու հայ ժողովրդին, Հայաստանին և Արցախին։
Նա, ում վրա ճակատագիրն ակնհայտորեն հանգստացել է՝ ինտելեկտի նշույլ անգամ չհաղորդելով կերպարանքին, և ում կինը «թավշե հեղափոխությունից» արդեն մեկ-երկու ամիս անց ողորմածաբար թույլ էր տալիս թիկնապահներին հովանոց պահել իր գլխին, իսկ մինչ ամուսնյակը սոցցանցերում պարծենում էր, թե ապառիկ փոշեկուլ է գնել։ Նա, ում գլխավորությամբ հայկական ԱԳՆ-ը վերածվեց անբանների, ապաշնորհների և ձրիակերների գերատեսչության, ընդ որում այդ ամենով բնավ չտարբերվելով մեր Հայրենիքը բռնազավթած երիտհայերի հանցախմբից։
Ահա ուրեմն, նույն այդ Օմեգա-Արաբատը երեկ խորհրդարանում արտաբերեց խոսքեր, որոնցից հայ հասարակությունը՝ ընդհուպ մինչև ամենահեռավոր գյուղի բնակիչներ, դեռ մի քանի տարի առաջ կսարսափեր՝ ինչպես ժանտախտից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ասաց այդ արարածը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առաջնահերթ խնդիրների ցանկում չէ, իսկ պատմության ողբերգական էջերի հետազոտման, Հայոց ցեղասպանության ուսումնասիրման կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելու հարցը, ըստ նրա, միանշանակորեն ԱԳՆ-ի օրակարգը չէ։
Հասկանալի է, որ Օմեգա-Արաբատն այդ հերետիկոսությունը հնչեցրեց Փաշինյանի դրդմամբ, իսկ վերջինս էլ իր հերթին կատարում է Ալիևի ու Էրդողանի հրահանգները, որոնք տրվել են ԱՄՆ-ում և Ռուսաստանում վերջին հանդիպումների ժամանակ։ Դա կասկածից վեր է հենց թեկուզ այն պատճառով, որ դեռ մեկ-երկու տարի առաջ նույն Արաբատը միանգամայն այլ, Ճիշտ հակառակ բան էր ասում։
Այսպես, 2022 թվականին այդ սուբյեկտը համոզված էր, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն անհրաժեշտ է և հենց ՀՀ ԱԳՆ-ի գործն է։ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ջանքերը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»,- խորհրդարանում հայտարարեց նա փետրվարին: Եվ ընդ որում հղում արեց կառավարության ծրագրին, որում «հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Նաև հավելեց, որ հայկական իշխանությունները ցեղասպանության միջազգային ճանաչումը դիտարկում են ՀՀ-ի, հայ ժողովրդի և ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության լրացուցիչ երաշխիքի համատեքստում:
Է՛լ ավելի վաղ՝ 2020 թվականի ապրիլին, ԱԺ նախագահ եղած ժամանակ, Արաբատն ընդհանրապես համոզված էր, որ «ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը և արդարացի հատուցումը չունի որևէ այլընտրանք»։ Ահա թե ինչպիսի հայրենասեր էր նա, նույնիսկ «արդարացի հատուցում» չէր վախենում պահանջել։
Ասենք, Արաբատը ի՜նչ. ինքը՝ Նիկոլը 2022 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում հայտարարեց. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը: Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
Այսօր, ինչպես պարզվում է, երկուսն էլ հանկարծ հասկացել են, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հենց էլ ուժգնացնում է լարվածությունը տարածաշրջանում և խանգարում Հայաստանի անվտանգությանը։ Եվ քանի որ «խաղաղության», ինչպես համոզված են Փաշինյանն ու Միրզոյանը, կարելի է հասնել միայն թուրքերին անվերջ զիջումներ անելով, ուրեմն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն էլ պետք է կասեցնել։
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս թվացյալ կտրուկ շրջադարձի մեջ տարօրինակ ոչինչ չկա։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ խոսքը պաթոլոգիկ ստախոսների, ցինիկ կոնյունկտուրիստների ու դավաճանների մասին է։ Եվ նույնիսկ ոչ միայն այն պատճառով, որ փաշինյանական ԱԳՆ-ը իրականում վաղուց արդեն դադարեցրել է գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։
Այլ նաև այն պատճառով, որ անցած տարի այդ ոհմակից ևս մեկը՝ Սինանյան ազգանունով, բացահայտ հայտարարեց, թե «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ավարտված է»։ Բոլորը ցնցվեցին, ընդդիմադիրներն ու փորձագետները զայրալից գրառումներ արեցին սոցցանցերում ու ԶԼՄ-ներում և հանդարտվեցին:
Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի այս տարվա ապրիլի 24-ի ուղերձն էր բովանդակում այնպիսի վտանգավոր դրույթներ, որ սուր արձագանքեց ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը։ Կազմակերպությունը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ զգուշացնելով մեզ բոլորիս, որ «նրա թեզերը համընկնում են Հայոց ցեղասպանությունն արդարացնող Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը»:
Ամերիկացի փորձագետները զգուշացրեցին նաև, որ Փաշինյանը «կատարվածի մեղքը փաստացի բարդում է հենց զոհերի վրա, դրանով իսկ կասկածի տակ առնելով Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը Ցեղասպանության համար»: «Դա կարող է խաթարել Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախկին ջանքերը և բարդացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հետագա քայլերը»,- ասվում էր հայտարարության մեջ:
Մենք բարեհաջող կերպով անտեսեցինք նաև այդ նախազգուշացումները: Այդ դեպքում ինչո՞ւ եք այսօր չռում աչքերն ու կրկին վրդովված գրառումներ ու մեկնաբանություններ անում, եթե հաջորդ օրն իսկ բարեհաջող կերպով անցնելու եք երիտթուրքերի հակահայկական այլ քայլերի քննարկմանը։
Երեկ, Արաբատի հայտարարությունից անմիջապես հետո, Նիկոլը մասնակցեց Երվանդ Մանարյանի արձանի բացմանը. տասնյակ մարդիկ ողջունում ու ծափահարում էին նրան: Իսկ Էրատո Հակոբյանը դրանից մի քանի ժամ անց ընթրեց «հաջողակ գործարարների» հետ, որոնցից յուրաքանչյուրը նրան 1 միլիոն դրամ փրկագին վճարեց, և տեղադրեց տեսանյութը սոցցանցերում: Իսկ ԶԼՄ-ները, այդ թվում՝ իշխանություններին կատաղի քննադատողները, պատրաստակամորեն հրապարակեցին այդ երկու տեսանյութերը, տեղադրելով դրանք ամենահրատապ լուրերի շարքում։
Ուրեմն ո՞վ է ավելի բարոյազուրկ. թուրքական նախկին լրտեսն ու իր շե՞ֆը՝ թուրքական դրածոների իր ողջ թայֆայով, որոնք բացահայտ, առանց ամաչելու և շփոթվելու, ասում են այն, ինչ իրենցից պահանջվում է, գուցե նույնիսկ վստահ լինելով իրենց իրավացիության մեջ, թե՞ նրանք, ովքեր ծափահարում են սրանց, սիրալիր ընդունում, քծնանքով ժպտում, հարցեր տալիս խորհրդարանում ու հանգիստ լսում պատասխանները, պարզապես լռում, խոհեմորեն տազ անելով, որպեսզի հանկարծ, Աստված մի՛ արասցե, «չմիջամտեն քաղաքականությանը»։