Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի հին թաղամասերը՝ փորձելով հայկական հետքը ջնջել․ Սարգսյան
Ադրբեջանն ավերում է Ստեփանակերտի հին թաղամասերը՝ փորձելով հայկական հետքը ջնջել, հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ «Այն, ինչ անում է Ադրբեջանն Ստեփանակերտում, մշակութային զտում է:
Մեր քաղաքի պատմական դիմագիծը վերացվում է միջազգային հանրության աչքի առաջ: Քաղաքակիրթ աշխարհն էլ լուռ հետևում է մի ամբողջ քաղաքակրթության վերացմանը։ Հերթական անգամ համամարդկային արժեքները և միջազգային մարդասիրական իրավունքը ստորադասվում են քաղաքական շահերին»,- Facebook-ում գրել է նա։ Սարգսյանը հիշեցրել է, որ այսօր «Մենք ենք, մեր լեռները»՝ բոլորին հայտնի «Տատիկ-պապիկ» հուշակոթողի տեղադրման օրն է:
«Այն Արցախի գլխավոր խորհրդանիշն է, որի ճակատագիրը ևս մշուշոտ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը»,- հավելել է Սարգսյանը: Սեպտեմբերի 2-ին պատմաբան Հովիկ Ավանեսովն Armenia Today-ին հայտնել էր, որ Ադրբեջանը 2020-ից սկսած Արցախում ավելի քան 600 մշակութային հուշարձան է վանդալիզմի ենթարկել։ 2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։
2020-ի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։ Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։
Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։ Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (հայտնի է «Կանաչ ժամ» անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։ Ադրբեջանն ավերել էր Արցախի Մոխրենես գյուղը։
Armenia Today