Սլովակիան հայտարարել է, որ Եվրոպայում Ադրբեջանի հետ գազային գործարք չի նախատեսվում
Եվրոպական ընկերություններն՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի ներմուծումն Ադրբեջանից մատակարարմամբ փոխարինելու վերաբերյալ համաձայնությանը չեն մոտենում, հայտարարել է Սլովակիայի պետական գազի գնորդ SPP ընկերությունը՝ հերքելով լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի գործարքը մոտ է կնքմանը:
Ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա արտահանելու վերաբերյալ Մոսկվայի և Կիևի միջև գործող հնգամյա համաձայնագիրն ավարտվում է տարեվերջին՝ ստիպելով ԵՄ-ին փնտրել գազի այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում՝ Ադրբեջանից՝ միաժամանակ բանակցելով երթուղին բաց պահելու շուրջ:
Ռուսաստանը հայտարարել է, որ չնայած իր հարևանի հետ պատերազմին պատրաստ է շարունակել մատակարարումները Ուկրաինայի տարածքով, մինչդեռ Կիևը Մոսկվայի հետ գազի արտահանման շուրջ բանակցություններից հրաժարվել է:
Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մոտ են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագրի կնքմանը:
«Մենք պարբերաբար քննարկում ենք այդ թեման մեր գործընկերների հետ, սակայն SPP-ի մասնակցությամբ գազի մատակարարման պայմանագրի առաջիկա կնքման մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- ըստ Reuters-ի՝ ասված է ընկերության հայտարարության մեջ:
Ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության երկու աղբյուրներ ևս խիստ նվազեցրել են հաղորդագրության կարևորությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am