Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը սխալ ուղղությամբ է շարժվում. Պյատրաս Աուշտրյավիչյուս

«Բաքվում անցկացնելով COP29-ը, ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ Ադրբեջանը պատշաճ վայր է նման միջազգային հանդիպումների համար, նրանք հաստատ գումար ունեն դրա համար», — Alpha News-ին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի լիտվացի պատգամավոր Պյատրաս Աուշտրյավիչյուսը:

Նա հավելել է, որ չի հասկանում, թե ինչ պատճառով է գագաթնաժողովի անցկացման ընտրությունը կանգ առել Ադրբեջանի վրա` հաշվի առնելով, որ երկրի առանցքային բաղադրիչը նավթարդյունաբերությունն է: «Ադրբեջանը ամենաքիչն է մտահոգված «կանաչ տնտեսությամբ» և կանաչ էներգետիկային անցումով, և ես դրա համար որևէ լուրջ նախանշան չեմ տեսնում։ Ես այնտեղ գագաթնաժողով անցկացնելու որոշումը կանվանեի տարօրինակ», — ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարին՝ նա ասել է. «Ես կցանկանայի ավելին ակնկալել, ես չեմ տեսնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ես որոշակի մտահոգություններ ունեմ, և չեմ կարծում, որ հեշտ կլինի հասնել այդ համաձայնագրի ստորագրմանը COP29 գագաթնաժողովի ժամանակ։ Ցավոք, կա բավականին բարձր լարվածություն, երկու կողմից էլ արվում են մեկնաբանություններ, որոնք կրքերը բորբոքում են ռիսկային մակարդակի , ինչը ցույց է տալիս, որ չկա ոչ մի հաշտեցում»։

Աուշտրյավիչյուսը նաև նշել է, որ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին Ադրբեջանի հատուկ արձագանք չի ակնկալում: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մի տեսակ «հակադարձ պաշտպանական քաղաքականության գիծ» է գրավել։ Մենք արդեն նամակ ենք ստացել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանից, նրանք օգտագործում են տարբեր պատմական քաղաքական փաստարկներ, այնպես որ ես չեմ կարծում, որ նրանք իսկապես հասկանում են մեր մտահոգությունները: Կարծում եմ՝ պետք է սպասել ևս մեկ բանաձևի»,- հավելել է նա։

Խոսելով այն մասին, թե կա արդյոք հավանականություն, որ պաշտոնական Բաքուն Եվրոպական խորհրդարանում բանաձևից հետո կավելանա սև ցուցակը, որտեղ արդեն հայտնվել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 պատգամավորներ, ավելի քան 500 պատգամավորներ, որոնք կողմ են քվեարկել փաստաթղթի ընդունմանը, Աուշտրյավիչյուսը նշել է.

«Եթե նրանք արգելել են ԵԽԽՎ այդ պատգամավորների մուտքը, ապա հեշտությամբ կարող են ավելացնել այդ ցուցակը և արգելել նաև մեր մուտքը: Դա կարող է տեղի ունենալ, բայց դա չի օգնի Ադրբեջանին, ընդհանրապես չի պաշտպանի Ադրբեջանի ապագան։ Սա սխալ, պարզունակ գործողություն է, որը ցույց է տալիս, որ չկա երկխոսություն, չկա ըմբռնում և տեսակետներ փոխանակելու հեռանկար: Ես ընդհանրապես նման գործողությունները չեմ դիտարկում որպես քաղաքական գիծ։ Եթե Բաքվի իշխանությունները կարծում են, որ դա ճիշտ քայլ է, ապա նրանք ճիշտ չեն, և մեր դիրքորոշումները չեն կարող մերձենալ»։