ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ․ փորձագետ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ շփումն ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում: Իհարկե, այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, կարող ենք ազդեցություն ունենալ:
Մենք ասելով՝ նկատի ունեմ, առաջին հերթին, հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները»,- նշել է փորձագետը։ Սագսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը սխալվել են նաև այն հարցում, ըստ որի՝ ամեն գնով խուսափել են հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց։ «Ընդ որում՝ բացարձակ կարևոր չէ՝ Թրամփը կհաղթի՞, թե՞ ոչ: Վերջիվերջո, 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններն են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա:
Կարծում եմ, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է»,- ասված է գրառման մեջ։
Թրամփն Արամ Ա Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր արցախահայությանը սատարելու մասին: Հոկտեմբերի վերջին Թրամփն ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Քամալա Հարիսիին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում անգործության և Արցախից հայերի հարկադիր արտագաղթի մեջ։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Armenia Today