Մենք ներթիմային խնդիրներ ունենք. Անդրանիկ Քոչարյան

Իհարկե, մենք ներթիմային խնդիրներ ունենք, եւ դրանք լուծում ենք ներթիմային քննարկումների միջավայրում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:


«Այդ միջավայրը երկար ժամանակ բաց էր մնացել, հարցեր էին կուտակվել, որի արդյունքում եղան քննարկումներ: Գուցե մամուլի խայտաբղետ մեկնաբանությունների արդյունքում այդ քննարկումներն արագացվեցին, որովհետեւ դրանք դարձան խիստ անհրաժեշտ ՔՊ-ի ներսում: Մենք ունեցանք այդ անկեղծ միջավայրը, որտեղ խոսեցինք կուտակված ամեն ինչի մասին:

Ես թե իշխանություն, թե ընդդիմություն եղած ժամանակ միշտ եղել եմ թիրախավորված, որովհետեւ միշտ եղել եմ կիզակետերում:

Արտահոսք եղավ նաեւ մեր փակ նիստից, ինչը մտահոգիչ է: Ո՞նց կարող է մեր փակ քննարկման որոշակի դրվագներ արտահոսեն: Ընդ որում, այդ արտահոսքերը սեփական ճաշակով ներկայացնելու: Նույն իսկ թերթերից մեկը գրել էր, որ ես սփրթնել էի, գունաթափվել էի: Ես միշտ եղել եմ սառնասիրտ:

Իհարկե, ժամանակի ընթացքում կուտակվում են խնդիրներ, նաեւ ներանձնային խնդիրներ, դրանք ինձ համար որոշիչ չեն, ինձ համար կարեւորը երկրի կարեւորություն է եւ այն ապահովող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»:

Թե մենք ներսում իրար ոնց կվերաբերվենք, դրանք լուծելի խնդիրներ են: Փնտրել մութ սենյակում սեւ կատու, պետք չի»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների, ՔՊ-ի ներսում իր դեմ խոսացողների թիվն ավելանում է, անգամ հասնում է 40-ի, նա ասաց, որ դա չափազանցություն է. «Խնդիր կա բոլորիս հետ կապված, մենք բազմաշերտ քննարկում ենք ունեցել, եւ դա մերն է: Դա ձեզ համար չէր: Այո, ինձ էլ են քննադատել, ուրիշին էլ են քննադատել: Մենք խոսել ենք ամեն ինչից, ինչը մեզ հետաքրքրում է»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am