Հայաստանը մեկ տարում կրկնապատկել է արևային վահանակների հզորությունները. պաշտոնյա
Հայաստանում ինքնավար արևային վահանակների հզորությունները մեկ տարում աճել են գրեթե մեկուկես անգամ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի լսումների ժամանակ հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Աղինյանը։
Բացարձակ թվերով, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի տվյալներով, այդ հզորությունները հասել են 370 մեգավատի։ Խոսքը փոքր հզորության ինքնավար վահանակների մասին է, որոնք բնակչությունն ու գործարարները տեղադրում են սեփական կարիքների համար, այլ ոչ թե կոմերցիոն կայանների։
Մասնավոր հատվածի խոշոր ընկերությունների կողմից էներգետիկ ոլորտում ընդհանուր ներդրումները գնահատվում են 101 մլրդ դրամ (մոտ 260 մլն դոլար), ներառյալ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Գազպրոմ Արմենիայի», Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի (որը պատկանում է «Տաշիր»-ին) և Որոտանի կասկադի (Contour Global ընկերություն) նախագծերը:
Բացի այդ, էներգետիկ ենթակառուցվածքներում պետական ներդրումները կկազմեն 33 մլրդ դրամ (մոտ 85 մլն դոլար)՝ ընդգրկելով Հայկական ԱԷԿ-ի և «Հայաստանի բարձրավոլտ ցանցերի» նախագծերը:
Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում արևային կայանների (ներառյալ ինքնավար) մասնաբաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմել է մոտ 470 մլն կՎտ / ժամ, ինչը մի փոքր ավելի է ընդհանուր արտադրվող ծավալի 10%-ից։