ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կընթանան

Երեքշաբթի՝ նոյեմբերի 5-ին, տեղի են ունենում ԱՄՆ նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարն ընթանում է Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսի և Հանրապետական ​​կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

Նախագահական ընտրություններն ավանդաբար անցկացվում են նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը։

Ներկայիս նախագահական մրցավազքում նախագահի պաշտոնին հավակնում են ոչ միայն երկրի երկու խոշոր քաղաքական կուսակցությունները, այլև մի քանի անկախ թեկնածուներ, և նրանցից առնվազն մեկը՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, գրավել է ընտրողների ուշադրությունը:

Ընդսմին, նախագահական մրցավազքն ի վերջո ավանդաբար հանգում է երկու հիմնական կուսակցական թեկնածուների միջև ընտրությանը:

Երկրում կա 7 տատանվող նահանգ, այսինքն, նահագներ, որտեղ երկու կուսակցություններից ոչ մեկն ակնհայտ առավելություն չունի: Ուստի այդ նահագներում քվեարկության արդյունքն անկանխատեսելի է։ Դրանք են՝ Արիզոնան, Վիսկոնսինը, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Փենսիլվանիան և Հյուսիսային Կարոլինան: Լարված մրցակցային պայմաններում այս նահանգներից որևէ մեկում ընդամենը մի քանի ձայն կարող է որոշել համապետական ​​ընտրությունների արդյունքը: Հենց նշված նահանգներում են Հարրիսն ու Թրամփը կենտրոնացրել իրենց քարոզարշավի ջանքերը։

Դիտորդների գնահատմամբ 2024 թվականի նախագահական մրցավազքն առավել անողոք է, քան 2020 թվականի նախընտրական քարոզարշավը։ Այն ժամանակ երեք նահանգներում միայն 43 հազար ձայնի տարբերությունը՝ համազգային ընտրողների ընդհանուր թվի 1,3%-ից պակաս թիվը բավարար կլիներ նախագահ Ջո Բայդենի նկատմամբ Թրամփի  հաղթանակի համար:

Նոյեմբերի 5-ին ընտրողները ոչ միայն կորոշեն, թե ով է ղեկավարելու Սպիտակ տունը, այլև կթարմացնեն Կոնգրեսի կազմը։

Խոսքը Սենատի 34 տեղերի (ընդհանուր՝ 100) և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի մասին է։

Ներկայացուցիչների պալատի անդամներն ընտրվում են 2 տարի ժամկետով։ Ներկայում այն Հանրապետական ​​մեծամասնություն ունի, և դեմոկրատները հույս ունեն փոխելու այդ իրավիճակը: Սենատում, որտեղ դեմոկրատները փոքր մեծամասնություն ունեն, պայքար է ընթանում 100 տեղերից 34-ի համար, քանի որ հանրապետականները պայքարում են Սենատի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար:

Սենատորներն ընտրվում են 6 տարի ժամկետով։

ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքը որոշվում է ոչ թե համազգային մասշտաբով տրված ձայների հաշվարկով, այլ Ընտրողների կոլեգիայի միջոցով, որն ընտրությունները վերածում է երկրի 50 նահանգների միջև քվեարկության։ Քառասունութ նահանգներ իրենց բոլոր ընտրական ձայները շնորհում են մեկ հաղթողին, իսկ Նեբրասկա և Մեն նահանգներում ձայները շնորհվում են՝ հիմնվելով թե՛ նահանգի քվեարկության, թե՛ իրենց Կոնգրեսի շրջանների արդյունքների վրա:

Յուրաքանչյուր նահանգ ունի ընտրողների որոշակի քանակ. այն հաշվարկվում է՝ Ներկայացուցիչների պալատի տեղերի քանակի գումարմամբ, որը կախված է բնակչության թվաքանակից, և սենատորների թվից (յուրաքանչյուր նահանգում՝ երկուական):

Օրինակ՝ Վերմոնտն ունի՝ 3, իսկ խիտ բնակեցված Կալիֆոռնիան՝ 54 ընտրական ձայն։

Թեկնածուն պետք է մեծամասնություն հավաքի, այսինքն՝ նրանց ընդհանուր՝ 538 թվից պետք է առնվազն 270 ընտրական ձայն հավաքի:

Դա հնարավոր է համապետական ​​քվեարկությունում պարտվելու դեպքում անգամ։ Հենց այդպես էր 2016 թվականին, երբ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։

Եթե ​​բոլոր նահանգները, բացառությամբ նահանգների, որտեղ նախընտրական պայքարի արդյունքը դեռևս անհայտ է, քվեարկեն այնպես, ինչպես սպասվում էր, դա Հարիսին 226 ընտրողների ձայն կտա, իսկ Թրամփին՝ 219: Դեռևս հայտնի չէ՝ ինչպես կբաշխվեն մնացած 93 ձայները:

Երեքշաբթի 7 «տատանվող նահանգների»՝ Արիզոնայի, Վիսկոնսինի, Ջորջիայի, Միչիգանի, Նևադայի, Փենսիլվանիայի և Հյուսիսային Կարոլինայի բնակիչները կարող են փոխել իրավիճակը ցանկացած ուղղությամբ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am