Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ և ԱՄՆ-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ և ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Ոչ մեկի համար հեշտ չի լինի
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Մոլդովա, Վրաստան և ԱՄՆ․ այս 3 երկրներին միավորում է այն, որ այժմ նրանք անցնում են հերթական ընտրական ցիկլը: Վրաստանը և Մոլդովան արդեն անցել են ընտրությունները, և մնացել է միայն «հետընտրական տհաճ համը», իսկ ԱՄՆ-ում ամեն ինչ նոր է սկսվում, և ԱՄՆ նախագահի ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 5-ին:Սակայն արդեն այսօր կարելի է մի շարք միջանկյալ եզրակացություններ անել հայկական իրականության համար: Եզրակացություններ ինչպես իշխանությունների, այնպես էլ հայկական ընդդիմության համար:
Սկսենք Մոլդովայից: Նախ և առաջ պետք է նշել ընտրությունների արդյունքը որոշող գլխավոր առանձնահատկությունը՝ Մոլդովայի քաղաքացիները երկրի սահմաններից դուրս որոշեցին նրա ապագան երկրի բնակիչների փոխարեն: Վերջնական արդյունքներով գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է 55,09% ձայներ, իսկ Սոցիալիստների կուսակցության (ՊՍՌՄ) թեկնածու և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ 44,91%: Առաջին արդյունքները ցույց էին տալիս Սանդուի հակառակորդի առաջատարությունը, բայց հետո Սանդուն առաջ անցավ արտերկրում ապրող մոլդովացիների ձայների հաշվարկի շնորհիվ: Առանց արտասահմանյան տեղամասերի տվյալների Ալեքսանդր
Ստոյանոգլոն հավաքել է 51,19%, իսկ Սանդուն՝ 48,81%: Արտասահմանյան տեղամասերում (323 784 ընտրող) Սանդուն ստացել է 82,72% ձայներ, իսկ նրա հակառակորդը՝ 17,28%:
Մի զարմացեք, եթե «մոլդովական հրաշքից» հետո Հայաստանի «արևմտամետ» (Թեև երբվանի՞ց Թուրքիան դարձավ Արևմուտքի մաս) ուժերը հանդես գան առաջարկով՝ փոփոխություններ կատարել ընտրական օրենսգրքում, որոնք թույլ կտան ՀՀ քաղաքացիներին երկրի սահմաններից դուրս քվեարկել և որոշել ՀՀ զարգացման ուղղությունը:
Կարևոր է նաև այլ բան. մոլդովական ընտրությունները ցույց տվեցին, որ հետխորհրդային տարածքի ցանկացած իշխանություն կունենա «քաղաքակիրթ Եվրոպայի և քաղաքակիրթ Արևմուտքի» ամբողջական քարտ-բլանշ ցանկացած խախտման համար (և հավատացեք, Նիկոլ Փաշինյանը դա արդեն ֆիքսել է իր համար): Կարելի է փակել լրատվամիջոցները, թույլ չտալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություններին, անհրաժեշտ թվով քվեաթերթիկներ չուղարկել այլ երկրների ընտրատեղամասեր ՝ իմանալով, որ այս կամ այն երկրի Սփյուռքում իշխանության վարկանիշը ցածր է, սահմանափակել դիտորդների աշխատանքը, բայց Բրյուսելում և Վաշինգտոնում աչք կփակեն դրա վրա: Կարդացեք, թե ինչպես է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գովաբանել մոլդովական ընտրությունները՝ հայտարարելով, որ ժողովուրդն իբր ընտրել է եվրոպական ապագան, և Դուք կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը…
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ արդեն հայկական ընդդիմությանը ընտրությունները պետք է ցույց տային, որ եթե անգամ դու հաղթես ընտրություններում, ապա փաստ չէ, որ «քաղաքակիրթ աշխարհը» կընդունի քո հաղթանակը։ Պարզ օրինակ՝ Եվրախորհրդարանի անդամ Սերգեյ Լագոդինսկին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները հակասում են Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, որը պարտավորեցնում է երկրին ինտեգրվել ԵՄ-ին:
Իր «անհանգստությունը» ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն և առանձին ամերիկյան և եվրոպական պաշտոնյաներ:
Ուստի անհրաժեշտ է պատրաստ լինել հետընտրական գործընթացներին՝ պաշտպանելու համար արդյունքները ոչ միայն քաղաքների փողոցներում, այլև կարողանալ հաղթահարել Արևմուտքից եկող բացասական վերաբերմունքը, վերաճել: Վրաստանում որոշեցին դա անել պարզ եղանակով՝ լեգիտիմացնելով ընտրությունների արդյունքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Թբիլիսի կատարած շուտափույթ այցով:
ԱՄՆ ընտրություններն արդեն ցույց են տալիս, որ նույնիսկ «ժողովրդավարության օրրանում» կարող են տեղի ունենալ տոտալ, ֆենոմենալ խախտումներ: Օրինակ, Տեխասում ընտրողները հայտնել են, որ քվեարկության մեքենաները սխալ են հաշվում ձայները: Դոնալդ Թրամփի օգտին քվեարկությունը վերածվում է Քամալա Հարիսի օգտին քվեաթերթիկի:
Ուստի Հայաստանում ընտրություններին պետք է պատրաստվել «արդեն երեկ», այլ ոչ թե «ընտրություններից 40 օր առաջ», քանի որ պետք է դիմակայել հսկայական մեքենային, որը գործում է ամբողջ աշխարհում՝ Կիշնևի փողոցներից մինչև Տեխասի Մեծ հարթավայրեր:
Ընտրություններին պետք է «սկսել պատրաստվել արդեն երեկ» նաև այն պատճառով, որ «քաղաքակիրթ արևմտյան աշխարհը» արդեն պատրաստվում է դրանց Հայաստանում: Պատրաստվում է երկրում ստորագրահավաք անցկացնել՝ Հայաստանի ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե նախաձեռնելու համար: «Քաղաքակիրթ ազատ աշխարհի սպիտակ պարոնները» փնտրում են ուժ, որը «կցորդի տեսքով» Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կարող է մտնել ԱԺ, որպեսզի Փաշինյանը կրկին ունենա մեծամասնություն օրենսդիրում: Բայց արդեն այնպիսի մեծամասնություն, որ ներսից կարող են վերահսկել հենց այդ «քաղաքակիրթ Արևմուտքի սպիտակ պարոնները»:
Մտածե՛ք այդ մասին…»։
Alpha News