Ռուսաստանը Երևանին և Բաքվին չի մղում «չհասունացած խաղաղության». Լավրով
Ռուսական կողմը, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ողջունում ենք հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված էական առաջընթացը։ Հաշվի առնելով երկարատև թշնամանքը, ռազմական գործողությունները, երկու կողմերի զոհերը՝ հասկանում ենք, թե Բաքվի և Երևանի համար որքան բարդ է կարգավորման հարցում առաջընթացի հասնելը», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, այլև ժամանակ, նշել է նա։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «չհասունացած խաղաղությունը, առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև «գետնի վրայի» իրողությունների համալիր հաշվառման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրացման լրացուցիչ ռիսկեր»:
Ընդ որում, նախարարի խոսքով, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ձգտումը Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից՝ ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Կարևոր ենք համարում տարածաշրջանում՝ Հարավային Կովկասի բարեկամ երկրների և հարակից գործընկեր պետությունների շրջանակում խաղաղ գործընթացի ամրագրումը՝ բացառելով արտաքին ապակառուցողական միջամտությունը։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Ռուսաստանը դուրս մղելու՝ Վաշինգտոնի և Բրյուսելի ձգտումը միայն ուժեղացնում է տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները», - ասել Է Լավրովը:
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է, ինչպես և նախկինում, գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որոնք պահանջված կլինեն երկու բանակցող կողմերի կողմից:
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։