ՆՈՅԵՄԲԵՐ-2020-Ը՝ 4 ՏԱՐՎԱ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ…

2020թ.նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած Եռակողմ հայտարարությունը 4 տարի անց գոյություն ունի լոկ դե յուրե, իսկ դե ֆակտո չի գործում: 9-րդ կետի մասին շատ է խոսվել, կրկնելն անիմաստ է։ Մնում է հիշեցնել, որ ընդհանուր համատեքստից մեկ կետ առանձնացնելը հակասում է փաստաթղթի տրամաբանությանը, և որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիներն այդ հայտարարության երաշխավորությամբ վերադարձան իրենց տները: Միջազգային հանրությունն ընդունում է, որ 2023թ.  սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանությունից և բռնի տեղահանումից հետո արցախցիների վերադարձի հարցը բաց է, չնայած նրան, որ ՀՀ իշխող ռեժիմն այդ հարցով չի զբաղվում

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻ և ԳԵՆԵՐԱԼԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԲԱՐԴԵԼՈՒ Փաշինյանի փորձերը 4 տարվա հեռավորությունից այլ կերպ են ընկալվում։ Շատերը հիշում են, թե ինչպես 44-օրյա պատերազմի սկզբում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե առանձին բարձրաստիճան զինվորականներ, իբր, խրամատներում լուրեր էին տարածում, թե իշխանությունը վաճառել է տարածքները, որ պատերազմելն իմաստ չունի, որ պետք է նահանջել։ Սեփական հորինվածքի այս լուրերով իշխող վերնաշերտն ակտիվորեն քողարկվում էր 2020-ի նոյեմբերին։ Փաշինյանն այդ հնարքն օգտագործեց նաև անցած տարի, երբ ցուցմունք էր տալիս ԱԺ քննիչ հանձնաժողովին... Պատերազմի արդեն 12-րդ օրը նա խոսում էր դավաճանների և դասալիքների մասին, փորձելով նրանց վրա բարդել ծրագրված պարտության մեղքը։ «Կա քրեական գործ, որ բարձրաստիճան զինվորականը խուճապ ա տարածել, զինվորներին ասել, թե հողերը տված ա, թողեք գնացեք, անիմաստ մի կանգնեք»,- հայտարարեց Փաշինյանը՝ վկայակոչելով 7-րդ պաշտպանական շրջանը: Երբ մարտական գեներալ Մովսես Հակոբյանին խնդրեցին մեկնաբանել այդ հայտարարությունը, նա պատասխանեց, որ չի մեկնաբանում «հիվանդ մարդկանց» ասածները:

Նույն ոգով արտահայտվեց այն ժամանակ ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, իր վերաբերմունքը ցույց տալով «գերագույն գլխավոր հրամանատարի» այն արտահայտությանը, թե «պատերազմի ընթացքում արձանագրած ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ խնդիր ունի՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն»։ «Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս»,- հայտարարեց Փաշինյանը: Խաչատրյանն ասաց, որ «նման բան չի եղել»։ «Տեղաշարժերի ժամանակ եղել են բացթողումներ, բայց ես չգիտեմ՝ ինչպես գնահատել այն հայտարարությունը, թե այդ ժամանակ կորուստներն ավելի շատ են եղել, քան մարտի դաշտում, դաստիարակությունս թույլ չի տալիս դա անել»,- հայտարարեց մարտական գեներալը:

Բացի այդ, 44-օրյա պատերազմում պարտությունից հետո շատ էր խոսվում Լելե Թեփե բարձունքի գրավման գործողության մասին, որի ընթացքում հայկական կողմը հարյուրավոր զոհեր է տվել։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ինքը հանդես է եկել միայն մոդերատորի դերում, իսկ զինվորականները վստահ են, որ նա ցանկանում էր ցույց տալ 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար բարձունքը հետ նվաճել չցանկացած Սերժ Սարգսյանին, թե կարող է դա անել։ Բարձունքը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է մնացել ընդամենը 45 րոպե, հետո ադրբեջանցիները հետ են վերադարձրել այն։

Փաշինյանը ցանկանում էր երրորդ նախագահի քիթը տրորել, իսկ երբ հասկացավ, որ մեղավոր է հարյուրավոր զինվորների ու սպաների մահվան համար, փորձեց մեղքը բարդել բարձրաստիճան զինվորականների, մասնավորապես՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու վրա

Անցած 4 տարիների ընթացքում ժողովրդի մեծ մասը վերջնականապես համոզվեց, որ իշխող վերնաշերտի պարագլուխը բարձրացրել է սուտը պետական քաղաքականության կարգավիճակի։ Այս խորապատկերին ավելի հստակ է երևում 44-օրյա պատերազմի իրական պատկերը զինվորականների շարադրմամբ, որոնք չվախեցան տաք հետքերով ասել ժողովրդին ճշմարտությունը: Նրանց կանդրադառնանք ստորև, իսկ առայժմ հիշեցնեմ, որ նոյեմբերի 18-ին Փաշինյանը դուրս եկավ ՊՆ բունկերից և հրապարակեց 15 կետից բաղկացած ծրագիր: «Այդ միջոցառումների իրականացումը կտևի 6 ամիս»,- խոստացավ նա, հավելելով, որ 2021 թվականի հունիսին հանդես կգա «ճանապարհային քարտեզի իրականացման հաշվետվությամբ»։ Կառավարության նոյեմբերի 26-ի նիստում նա կրկնեց «ճանապարհային քարտեզի» մասին թեզը։

6 ամիս անց «Գոլոս»-ը տաք հետքերով արձանագրեց «ճանապարհային քարտեզի» չկատարման փաստը բոլոր կետերով, ուստի կրկնելն անիմաստ է։ Չնայած դրան՝ Փաշինյանը գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մեծամասնություն նվաճեց իր կուսակցության համար։ ՔՊ-ի հաղթանակի գինը օրինականության բոլոր նորմերի խախտումն էր և Շուշին ու Հադրութը վերադարձնելու կեղծ խոստումը։

Ռեժիմի պարագլուխը ղեկավարում էր խորհրդարանական ընտրությունները՝ վարչապետի բոլոր լիազորություններն իր ձեռքում պահելով հրաժարականից հետո, որն ընդունել էին խորհրդարանն ու նախագահը, Սակայն վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամանակաշրջանին

«Երկրի վարչապետը հրաման է տվել դադարեցնել զորքերի համալրումը և առաջնագիծ ուղարկել կամավորներին։ Դա տեղի է ունեցել պատերազմի երրորդ օրը։ Այս փաստը չեն կարող հերքել, քանի որ այն անձինք, որոնք պատասխանատու էին այդ գործընթացների համար, ձայնագրել են խոսակցությունը, իմանալով, որ գալու է այդ գործողությունների համար պատասխան տալու ժամանակը»,- 2020թ.նոյեմբերի 19-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Հակոբյանը։ Այդ ասուլիսն ասես ռումբի պայթյուն լիներ՝ հաստատելով, որ 44-օրյա պատերազմը պայմանավորված բնույթ է կրել, իսկ պայմանավորվածությունը կնքվել է Փաշինյանի և Ալիևի միջև: «Եթե Մովսես Հակոբյանը պնդում է, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը դադարեցրել է առաջնագծի համալրումը և զորահավաք չի իրականացրել, ապա ինչպե՞ս անվանել դա։ Դավադրություն, թե՞ դավաճանություն: Ասենք, ի՞նչ տարբերություն: Ո՞ւմ խորհուրդներին էր հետևում Նիկոլը, երբ հոկտեմբերի 20-ին մերժեց Պուտինի առաջարկը՝ Սորոսի, Բոլթոնի, թե՞ գուցե «կիրթ» Ալիևի»,- հարց ուղղեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Պատերազմի 4-րդ օրը այն ժամանակ գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի նիստում առաջարկեց դադարեցնել մարտական գործողությունները՝ մարդկային մեծ կորուստներից խուսափելու համար: Փաշինյանը հրաժարվեց, իսկ իր հրաժարականի պահանջով ԳՇ 40 գեներալների հայտարարությունից հետո (2021թ.փետրվարի 25) ասաց, թե Գասպարյանը նման հայտարարությամբ հանդես չի եկել, թեև փաստը հաստատեց այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասաց, որ Գասպարյանն այդ առաջարկը համաձայնեցրել է իր հետ։ Հանրությանը ներկայացրեցին այդ նիստի մոնտաժված ձայնագրությունը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ Փաշինյանի կողմից, մի խոսքով՝ ծածկադմփոց արեցին։

4 տարվա հեռավորությունից հատուկ իմաստ է ստանում նաև Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերների» արկերի մասին, թե իբր՝ եղել են զինատեսակներ, որոնք ամբողջությամբ չեն վերահսկվել հայկական կողմից, իսկ Ռուսաստանը հավանություն չի տվել դրանց օգտագործմանը, այդ իսկ պատճառով «Իսկանդերի» արկերը պայթել են միայն 10 տոկոսով։ Գեներալ Խաչատրյանը, ընդհակառակը, հայտարարեց. «Զենքի կիրառման թույլտվության իրավունք ունեցել է միայն Փաշինյանը, և խոսքը միայն «Իսկանդերների» մասին չէ, այլ, ընդգծեմ, բոլոր զինատեսակների, դրա իրավունքն ունի միայն գերագույն գլխավոր հրամանատարը»: Խաչատրյանը հերքեց նաև այն ասեկոսեները, թե իբր՝ ինչ-որ բարձրաստիճան զինվորականներ լուրեր են տարածել, թե հողը հանձնած է, և պատերազմել պետք չէ։

ՄԵԿ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ պայմանավորված բնույթի բոլոր ապացույցները, սակայն վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո դրանք թվարկվելու են Փաշինյանի և նրա հանցակիցների դատավարության մեղադրական եզրակացության մեջ։ Դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան կարծում են ոմանք։ Այդ եզրակացության մեջ, անկասկած, անդրադարձ կլինի պատերազմից 26 օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ-ի քարտուղարի ուղղած գաղտնի նամակին՝ նախազգուշացումով և նույնիսկ բոլոր իրադարձությունների նկարագրությամբ՝ սկսած սեպտեմբերի 27-ից: Դա այն փաստերից է, որոնք գաղտնազերծել է Վատիկան պետությունում նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Փաշինյանն իրազեկված էր 44-օրյա պատերազմի մեկնարկի ժամկետների մասին։

2023 թվականին ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարեց, թե իրեն զեկուցել են, որ պատերազմի հավանականությունն ընդամենը 30 տոկոս է, մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո նա հայտարարեց, որ գիտեր, որ պատերազմ է լինելու, բայց չգիտեր դրա մեկնարկի ժամկետների մասին։ Իրո՞ք։ Գուցե ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը կորե՞լ էր ճանապարհին, կամ Գրիգորյանը դրա բովանդակության մասին չէ՞ր զեկուցել Փաշինյանին։ Ի դեպ, որևէ մեկը գիտի՞, թե ինչու է Փաշինյանն ԱԽ անդամներից թաքցրել Շուշին ու Հադրութը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ պահելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկի մանրամասները։

Հիշեցնեմ, որ նույն օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ԱԽ արտահերթ նիստ, ինչպես նաև Փաշինյանի երկրորդ հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ։ Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դրանից մեկ շաբաթ առաջ, և երկու հանդիպումների ընթացքում էլ խոսվել է հրադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին: Փաշինյանն ուզում էր պարտության պատասխանատվությունը կիսել քաղաքական ուժերի հետ։