ՆԳՆ-ն արագացրել է Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը
Լեռնային Ղարաբաղից փախստականի կարգավիճակ ստացած տեղահանվածներն արագացված ընթացակարգով կկարողանան Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ այդ նպատակով նրանք պետք է այցելեն Երևանի միգրացիոն և քաղաքացիության ծառայություն կամ մարզերի որևէ սպասարկման բաժին, այնտեղ դիմում գրեն և ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր՝ ծննդյան վկայական, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրող փաստաթուղթ, ամուսնության վկայական, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը։
«Երկու ամսվա ընթացքում նրանք կստանան ծանուցում, որ ՀՀ նախագահի հրամանագրով իրենց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, որից հետո պետք է նոր անձնագրի համար դիմում գրեն և ստանան այն»,- տեղեկացնում է ՆԳՆ-ն։ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան ներգաղթյալների թիվը գերազանցել է 100 հազարը։
Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։ Մարտի 29-ին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ Հայաստանից արտագաղթել է 11,000 արցախցի։ Ըստ որոշ գնահատականների՝ այդ թիվը հասնում է 15,000, հավելել էր նա։ Որպես արտագաղթի հիմնական պատճառ Ստեփանյանը նշել էր սոցիալական և կենցաղային ծանր պայմանները։
Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խուսափել էր պատասխանել Armenia Today-ի թղթակցի այն հարցին, թե կառավարությունն ունի՞ Հայաստանից հեռացած արցախցիների վերաբերյալ տվյալներ։ Հոկտեմբերին ԱԱԾ-ն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր՝ 4 տարում, Հայաստանից մեկնած և չվերադարձած արցախցիների թիվը կազմել է շուրջ 19,000 մարդ։
Armenia Today