Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքից ժամանած պատվիրակությանը
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Գրիգոր Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև իր եպիսկոպոսական ձեռնադրությանը մասնակցելու համար։
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության, որում իր ներդրումն ունի նաև ֆրանսահայ համայնքը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին պատվիրակության մասնակցությունը։
Իր խոսքում Հայոց Հայրապետը նշեց նաև, որ առանձնակի գոհունակություն է տեսնել Ալֆորվիլի քաղաքային իշխանության և հայ համայքնի սերտ գործակցությունը, ինչպես և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը՝ տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով:
Նորին Սրբությունը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, Արդբեջանում պահվող գերիների ազատ արձակման, արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am