ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՎԱԽԻՑ ՁԳՈՒՄ ԵՆ ԾՐԱԳԻՐԸ․ ՄԱՄՈՒԼ
VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով, կառավարությունում տեւական ժամանակ քննարկումներ են ընթանում՝ ծրագիրը դադարեցնելու հարցով, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերին, մասնավորապես՝ անչափահասներին, կենսաթոշակառուներին ուղղված, սակայն երեկ տեղեկացանք, որ իշխանությունները, կանխատեսելով, թե ծրագրի ավարտից հետո դժգոհության ինչ ալիք է բարձրանալու, որոշել են մինչեւ ապրիլ երկարաձգել ծրագիրը:
Գաղտնիք չէ, որ արցախցիների մեծ մասը հենց այդ աջակցության շնորհիվ է բնակվարձերը վճարում, ուստի դադարեցնելը կարող էր բունտի առիթ դառնալ։ Ապրիլից հուլիս էլ 30+10 հազարական դրամների ծրագիր կգործի, բայց միայն անչափահասների եւ կենսաթոշակառուների համար, իսկ հուլիսից դեկտեմբեր 30 հազարական դրամ կվճարեն։ Այսինքն՝ դադարեցնելու պրոցեսը դանդաղ են անում` քիչ-քիչ հաշտեցնելով պետությունից ոչինչ չստանալու իրողության հետ, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա։ Դա նշանակում է՝ 30 տարուց ավելի Արցախին ուղղված ՀՀ ֆինանսավորումը դադարեցվեց, եւ Փաշինյանի իշխանությունը նաեւ ֆինանսապես շահած դուրս եկավ Արցախի կորստից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու։ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի՝ Երեւանի ժամանակով 00։00-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից հետաքրքրվել՝ արդյոք սեփակա՞ն միջոցներով են մեկնելու Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ պետբյուջեի հաշվին: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով:
ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեցին: Նշենք, որ հատկապես Սիսակ Գաբրիելյանը, կարծես թե, ֆուտբոլի մեծ սիրահար է, նա հաճախ է գործուղվում այս կամ այն երկիր, երբ այդ երկրում կայանալու է կարեւոր ֆուտբոլային հանդիպում: Օրինակ, այս ամռանը՝ հունիս ամսին, նա պատվիրակության կազմով գործուղվել էր Գերմանիա հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունն էր ընթանում: Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Սիսակ Գաբրիելյանը նաեւ իր ժամանցն էր անցկացրել այնտեղ: Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն էր նաեւ ներկա եղել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի: Մի կարգ, որը օրերս խնդրահարույց համարեց նաեւ ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։ Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի եւ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ»,«Պաուլաներ», եւ «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջեւ։ Պայմանագրում առկա են ուշագրավ գնումներ. օրինակ՝ 20 գրամ սեւ ձկնկիթը՝ վերնագրված «պետության կարիքների համար»: Թե երբ եւ ինչպես է «օգտագործվել» «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արդյունքում մատակարարված սնունդը, մասնավորապես 20 գրամ ձկնկիթը, ԱԺ-ից հրաժարվել են պարզաբանելուց:
«ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրությունների կազմակերպման նպատակով ԱԺ-ի եւ «Բլիզարդ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը հասանելի է գնումների կայքում»։ «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե որ պատվիրակության համար է կազմակերպվել գնումը, ԱԺ-ից եւս փաստացի հրաժարվել են պատասխանելուց՝ ուղղորդելով պաշտոնական կայք: Գուցե ԱԺ աշխատակազմից տեղյակ չեն, որ բաց աղբյուրում դրված տեղեկությունը տեսնելով էինք հենց մանրամասներն իմանալու համար հարցում արել: Ամեն դեպքում, ստորեւ տեղադրենք «պետության կարիքների համար» գնված մթերքների ցանկը, որոնց համար կնքվել է պայմանագիրը, թե ովքեր են «պետության կարիքների համար» օգտվել այդ հյուրասիրությունից»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կկանչեն դատարան։ Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով: Վերջիններս այս գործով տուժող են ու պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու»:
«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Վահե Ղալումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ կարգապահական վարույթներ հարուցե՞լ են Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի եւ մյուս ՔՊ-ականների նկատմամբ, որոնք խորհրդարանական լսումների ժամանակ Արգիշտի Քյարամյանի հասցեին որոշ հայտարարություններ էին արել: Մասնավորապես՝ Աղազարյանն «արա»-ով էր դիմել, Նարեկ Զեյնալյանն էլ հորդորել էր Քյարամյանին՝ ԱԺ պատգամավորի հետ խոսելիս սահմանափակել իր ժեստիկուլյացիան՝ «մատով խոսելը»։ Երկու պատգամավորն էլ «հարցաքննվել» են Վերահսկիչ հանձնաժողովում՝ հաստատեց Ղալումյանը, սակայն հրաժարվեց պատասխանել, թե կարգապահական վարույթ հարուցե՞լ են եւ ուղարկել ՔՊ վարչություն, որը պետք է վերջին խոսքն ասի․ «Դրանք ներկուսակցական հարցեր ու խնդիրներ են, որոնց մասին ես չեմ կարող խոսել»։
Հետաքրքրվեցինք՝ իսկ Անդրանիկ Քոչարյանին ե՞րբ են պատրաստվում «հարցաքննել», եւ ՔՊ անդամ չհանդիսացող պատգամավորներին եւս քննելու իրավունք ունի՞ իր ղեկավարած հանձնաժողովը (Ա. Քոչարյանն անկուսակցական է)։ Ղալումյանը կարճ կապեց․ «Ոչ, չունի»։ Չնայած դրան՝ ՔՊ վարչությունը կարող է խմբակցության անդամ անկուսակցական պատգամավորների հարցը եւս քննել, բայց այդ որոշումները պետք է կյանքի կոչվեն ԱԺ խմբակցությունում։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ տեղեկություն չունի՝ վարույթ հարուցե՞լ են իր դեմ, թե՞ ոչ: Միայն հերքեց լուրերը, թե ավտոներկրմամբ զբաղվող իր որդին եղել է նաեւ ՊԵԿ պաշտոնյա․ «Նախ պետք է ասեմ, որ իմ բազմաթիվ որդիներից ավտոներկրմամբ զբաղվել է ոչ թե Վահեն, որի մասին մամուլը գրել է, այլ՝ Իվանը, 2023 թվականին, իսկ Վահեն 2022 թվականի հունվարի 5-ից դադարեցրել է աշխատանքը ՊԵԿ-ում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի:
Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է: Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին: